Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակի «1-2 օրից»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ՀՀՇ 17-րդ համագումարում: 22-ը դեկտեմբերի, 2012թ.
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ՀՀՇ 17-րդ համագումարում: 22-ը դեկտեմբերի, 2012թ.
Հայոց համազգային շարժման (ՀՀՇ)17-րդ համագումարի իր ելույթում, հակառակ սպասումների, Հայաստանի առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չհրապարակեց առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրել-չառաջադրելու մասին որոշումը:

«Խնդրում եմ մի երկու օր էլ սպասեք», - համագումարի պատվիրակներին դիմելով` ասաց Տեր-Պետրոսյանը` շարունակելով արդեն ժպիտով. - «Ես դիմել եմ բոլոր գերտերություններին` Ամերիկային, Չինաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանը: Մինչեւ նրանց հավանությունը չստանամ, ես չեմ կարող պատասխան տալ ձեզ: Հիմա իրենք գլուխ են ջարդում, նստած ստրատեգիան են որոշում: Ինձ խոստացել են 2 օրից պատասխանել»:

Համագումարի իր ելույթում Տեր-Պետրոսյանը ասաց, որ երկրի համար խիստ վտանգավոր է ամբողջությամբ ռուսամետ կամ արեւմտամետ կողմնորոշումը:

«Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որեւէ գերտերության կամ որեւէ գաղափարախոսության: Կործանարար է ինչպես միակողմանի արեւմտամետ, այնպես նաեւ ռուսամետ կողմորոշումը, իսկ շատ ավելի կործանարար կլինի հակաամերիկականությունը կամ հակառուսականությունը» - հայտարարեց նա:

Կոնգրեսի առաջնորդն անդրադարձավ այն կարծիքին, որն «այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին»` իբր Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները եւ անգամ նախագահ ընտրել. - «Ո'չ Ամերիկան, ո'չ Ռուսաստանը երբեք չի կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ լիդեր եւ նրան նախագահ դարձնել: Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե ինչ-որ ձեւերով լեզու գտնեն արտաքին ուժերի հետ, նրանք այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան: Դու այստեղ դարձիր նախ լիդեր, որից հետո քեզ հետ այնտեղ հաշվի կնստեն»:

Համագումարը նախագահի թեկնածուի հարցը չքննարկեց: Կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը «կափսոսա», եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի:

Որեւէ այլ թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հարցին Մանուկյանն արձագանքեց. - «Դա համարյա անընդունելի տարբերակ կարող է լինել: Որովհետեւ այս թիմը շատ անգամ ավելի կպայքարեր նրա [Տեր-Պետրոսյանի] թեկնածության համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է, որ ՀԱԿ-ը ընդհանրապես չմասնակցի ընտրություններին, Մանուկյանը պատասխանեց. - «Ոչ մի տեսական բան մի բացառեք: Բայց ես կրկնում եմ` պրոցեսները գնում են դեպի առաջադրվելը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հետեւյալ կարծիքը հայտնեց` թեեւ Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը 2008-ի համեմատ նվազել է, նա պետք է առաջադրվի. - «Այսօր Հայաստանի վիճակը այնպիսին է, որ եթե ներկայացվի հստակ ծրագիր` ե'ւ քաղաքական հարցերում, ե'ւ հատկապես սոցիալական հարցերում… ինձ թվում է, այդ վստահությունը ոչ միայն կվերականգնվի, այլ կարող է նաեւ ավելանալ»:

Այլ առաջադրում ՀԱԿ-ից Արարքցյանը ճիշտ չի համարում, քանի որ ժողովուրդը հուսախաբ կլինի:

Հարցին` եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ինչ կանի ՀԱԿ-ը, ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, թե կփորձեն գտնել միասնական ձեւաչափ կամ յուրաքանչյուր կուսակցություն իր անելիքն առանձին կորոշի:

ՀՀՇ-ի համագումարին չէին մասնակցում ՀԱԿ-ից հեռացած ուժերի ներկայացուցիչները: Ներկա չէին նաեւ Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը:

Արամ Մանուկյանի պնդմամբ` Փաշինյանի բացակայության պատճառը գաղափարական տարաձայնությունները չեն:

Ներկա էին Կոնգրեսին անդամակցող բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում` նախօրեին իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Մասնակցության հրավերներ էին ուղարկվել ՀՅԴ, «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին: Առաջին երկուսն արձագանքել էին, թեեւ ներկայացված էին ոչ առաջին դեմքերով: Իսկ ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չկար:

Համագումարն ընտրեց ՀՀՇ վարչության նոր կազմ: Վարչության 31 անդամներից մեկը Վանո Սիրադեղյանն է:
XS
SM
MD
LG