Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքագետ. Նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է


Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է` արդեն քիչ թե շատ պարզ է, որ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է լինելու: Վերլուծաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ դա հասկանալի դարձավ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, բայց նաեւ երեկ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը:

«Պարզ է, որ միակ, քիչ թե շատ լուրջ վտանգ ներկայացնող թեկնածուն գործող նախագահի համար Գագիկ Ծառուկյանն էր, եւ այս իմաստով նրա չառաջադրվելը կանխորոշում է առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները», - ասաց Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի` Ծառուկյանը չառաջադրեց իր թեկնածությունը, քանի որ հաշվարկեց, որ այս կերպ ավելի մեծ օգուտներ կքաղի: Ընտրություններից հետո, Իսկանդարյանի խոսքով, ԲՀԿ-ն ինչ-որ ձեւով կհամագործակցի Հանրապետական կուսակցության հետ:

«Իշխանության մի մաս կլինեն, հավանաբար մի քանի նախարարական պաշտոններ կունենան, որոշ տնտեսական առավելություններ, կամ կոալիցիա պաշտոնապես չի լինի, բայց համագործակցություն կլինի», - ասաց Իսկանդարյանը:

Խոսելով նախագահական ընտրություններին քաղաքական այլ ուժերի մասնակցության մասին` Իսկանդարյանն ասաց. - «Հայաստանի շատ քաղաքական կուսակցություններում սուգ է, քանի որ Ծառուկյանին միանալը հեշտ քայլ կլիներ: Սա կնշանակեր ազատվել պատասխանատվությունից, իսկ հիմա հարկավոր է ձայներ հավաքել, բայց այսօր ոչ մի քաղաքական կուսակցություն լուրջ ձայներ ստանալ չի կարող: Մենք հիշում ենք, թե որքան ձայներ հավաքեցին կուսակցությունները խորհրդարանական ընտրությունների ժամանակ` 5, 6 կամ 7 տոկոս: Դա լուրջ չէ»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանի համոզմամբ` այս քայլից հետո քաղաքական իմաստով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դադարեց գոյություն ունենալ. - «Երբ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին, որոնք նախորդում են նախագահականին, ստանում է ընտրողների քվեների մեկ երրորդ մասը եւ հանկարծ որոշում է, որ ոչ մի կարգավիճակով չի մասնակցելու նախագահական ընտրություններին, սա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում այլեւս անելիք չունի»:

Հակոբյանն արդեն ավարտված է համարում նախագահական ընտրությունները. - «Մենք գիտենք, որ կա իշխանական թեկնածուն, կամ պետական ապարատի գլուխը` Սերժ Սարգսյանը, եւ կա ընդդիմությունը` ի դեմս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այլ հարց է` արդյո՞ք նա կառաջադրվի եւ արդյո՞ք պատրաստ է Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ, ըստ պաշտոնական տվյալների, պարտվել Սերժ Սարգսյանին»:

Անդրադառնալով Ծառուկյանի չառաջադրվելուն` Հակոբյանն ասաց. - «Անհնար է պատկերացնել` Հայաստանում ունենալ բիզնես-իմպերիա եւ միաժամանակ նաեւ մարտահրավեր նետել գործող պետական մեքենային»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, Ծառուկյանը չառաջադրվեց, քանի որ այդպես որոշվեց ԲՀԿ-ՀՀԿ բանակցությունների արդյունքում. - «Հավանաբար օլիգարխիկ ռազբորկաները հանգեցրել էին նրան, որ օլիգարխիայի շահերից այս պահի դրությամբ բխում է, որ Սերժ Սարգսյանը առաջադրվի եւ այլ ուժեղ ֆիգուրա օլիգարխիայի շրջանակներից չառաջադրվի»:
XS
SM
MD
LG