Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը կսատարի Սերժ Սարգսյանին


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում կուսակցության 11-րդ համագումարում: 22-ը դեկտեմբերի, 2012թ.
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում կուսակցության 11-րդ համագումարում: 22-ը դեկտեմբերի, 2012թ.
Այսօր կայացած «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարում միաձայն որոշում կայացվեց առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման գործում` «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը», - ասված է համագումարի ընդունած հայտարարությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՕԵԿ համագումարին ներկա էին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ՕԵԿ մամուլի ծառայությունից ՀՀԿ-ից բացի, այլ կուսակցությունների հրավեր չի ուղարկվել:

Փաստարկելով իրենց որոշումը` Արթուր Բաղդասարյանն ասաց. - «5 տարիների մեր կատարած համատեղ աշխատանքը մեզ հիմք է տալիս պնդելու, որ մեր երկիրը այս 5 տարիների ընթացքում կարողացավ անցնել բավականին լուրջ փորձությունների միջով: Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը հանմընկավ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Բայց այն քաղաքական թիմը, որ աշխատեց, այն կառավարությանը, որ գործեց այս տարիների ընթացքում, հաջողվեց հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամը: Մենք կարողացանք որպես պետություն կատարել մեր սոցիալական պարտավորությունները մեր քաղաքացիների նկատմամբ եւ երկիրը զերծ պահել տնտեսական եւ սոցիալական հնարավոր կոլապսներից»:

«Այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա գիտի, եթե նա 100 դոլար էլ կաշառք վերցրեց, պատժվելու է», - հայտարարեց Բաղդասարյանը` ընդգծելով, որ ՕԵԿ-ը «անկաշառ գործունեություն է իրականացնում» եւ «կապ չունի թալանի եւ մոնոպոլիաների հետ»: Նա, սակայն, չնշեց, թե ով կապ ունի թալանի ու մոնոպոլիաների հետ:

«Մեր տեսակը, հայրենակիցներ, կապ չունի կրիմինալի, ռազբորկաների, թալանի, վատնումի, մոնոպոլիաների եւ բազմաթիվ այլ արատավոր երեւույթների հետ», - հայտարարեց նա` շարունակելով. - ««Օրինաց երկիր»-ը տակից խաղեր չի տալիս եւ քաղաքականության մեջ առավելագույնը փորձում ենք առաջնորդվել բարոյականության սկզբունքներով»:


«Քոչարյանը քաղաքական այլախոհություն չի սիրում»

Ուշագրավ է, որ իր խոսքում ՕԵԿ նախագահը հիշեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, երբ մոտ երկու տարի ՕԵԿ-ը գործում էր ընդդիմադիր դաշտում:

«2006-ի ավարտին «Օրինաց երկիր» կուսակցությունը, ունենալով քաղաքական տարաձայնություններ, դուրս եկավ քաղաքական կոալիցիայից, եւ կուսակցությունը շարունակեց իր ինքնուրույն ճանապարհը: Մեր քաղաքական ընդդիմախոսներից շատերը դա որակեցին որպես «խաղ», իսկ երկրորդ նախագահին ճանաչողները գիտեն, որ նա քաղաքական խաղեր եւ քաղաքական այլախոհություն չի սիրում, իսկ քաղաքական հանդուրժողականությունը նրա համար այդքան էլ ընդունելի կատեգորիա չէ», - մասնավորապես, հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, Արթուր Բաղդասարյանը 2003-2006 թվականներին Ազգային ժողովի նախագահն էր եւ հրաժական ներկայացրեց 2006-ի մայիսի 26-ին:


«2008-ին գրեթե նույնքան ձայն էի հավաքել, որքան Տեր-Պետրոսյանը»

Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` նշելով, թե 2008 թվականի նախագահական ընտրություններին ինքը հավաքել էր գրեթե նույնքան ձայն, որքան «Տեր-Պետրոսյանը` իր երկու տասնյակ կուսակցությունների հետ միասին»:

ՕԵԿ նախագահը հավելեց, թե ճիշտ էր 2008-ի նախագահական ընտրություններից հետո կայացրած իրեց որոշումը` աջակցել Սերժ Սարգսյանին, քանի որ դա թույլ տվեց «Հայաստանը զերծ պահել քաղաքացիական պատերազմից»:

«Իսկ այսօր ո՞վ է պատասխան տալիս Մարտի 1-ի 10 անմեղ զոհերի համար: Այն առաջնորդը, որ առանձնատնից մեկ կանգառ չիջա՞վ` հավաքված ժողովրդին տեր կանգնելու: Եվ ըստ էության ժողովուրդը դարձավ ամբոխ, որի արդյունքում տեղի ունեցան այդ տհաճ եւ ողբերգական իրադարձությունները: Հաստատ այդ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր, եւ ոչ էլ մի քանի ազնիվ այլ մարդիկ, որոնք հետագայում հայտնվեցին բանտերում կամ զրկանքների մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG