Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում նախագահի հայտարարությունները


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, արխիվ

Նախագահի տված հանձնարարությունների կատարման ուղղությամբ քայլերի մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի, ասում է գլխավոր դատախազի խոսնակը։

«Նախագահի աշխատանքային գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություն ես չունեմ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Պատասխանելով հարցին` արդյոք ընդունո՞ւմ են դատախազության հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած սուր քննադատությունները, Տռուզյանն ասաց, թե նախագահի տված հանձնարարությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի:

Երկրի նախագահը նախօրեին իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել հատկապես դատախազությանը` նշելով, մասնավորապես, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունը, ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա:

«Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր եւ անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ, դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում եւ հայտնվում հետախուզության մեջ: Եվ որեւէ մեկը որեւէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաեւ հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ գործերի մասին է ակնարկել երկրի ղեկավարը, գլխավոր դատախազի խոսնակն ասաց, որ տեղյակ չէ եւ չի կարող նշել, թե նախագահը իր ելույթում որ գործերն է նկատի ունեցել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք նախագահի այս սուր քննադատությանը կհետեւի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ - «Չեմ ցանկանում կենտրոնանալ գլխավոր դատախազի հետագա ճակատագրի վրա։ Ես ավելի գլոբալ խնդիրների վրա կցանկանամ կանգ առնել․ սա խոսում է այն բանի մասին, որ այս երեւույթները կան եւ անպատիժ չեն մնալու։ Այո, կա արդարության դեֆիցիտ, կա արդարության եւ արդարադատության որոշակի պակաս, եւ պետք չէ զարմանալ, որ հենց երկրի նախագահն է մատնանշում եւ վեր հանում այդ արատավոր երեւույթները, որոնք որ կան»։

Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ նախագահի երեկվա ելույթին պետք է հետեւեն պաշտոնանկություններ․ - «Ինչ վերաբերում է կոնկրետ գլխավոր դատախազին, ապա միայն այն միջնորդությունը, Վարդան Օսկանյանի հետ կապված, որ ներկայացրեց Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովում, թեկուզ միայն դա, որ իրավական որեւէ հիմք չունեցող եւ բացառապես քաղաքական մոտիվացիա իր մեջ պարունակող միջնորդություն է ներկայացվում, կարծում եմ պիտի բավարար լիներ նման խնդիր բարձրացնելու համար։ Պրոբլեմը, ինչի մասին խոսեց Հանրապետության նախագահը, իրապես շատ լուրջ է եւ իրապես այսօր մարդիկ երկրից փախնում են ոչ միայն այն պատճառով, որ կան սոցիալական լրջագույն խնդիրներ, այլ նաեւ այն պատճառով, որ մեր երկրում կա արդարության ճգնաժամ»։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ, ով երկար տարիներ մի շարք աղմկահարույց գործերով փաստաբանական գործունեություն է իրականացրել, մեզ հետ զրույցում նշեց, թե այսօր յուրաքանչյուր փաստաբան ամեն օր բախվում է այդ արատավոր երեւույթների հետ, ինչի մասին երեկ խոսում էր երկրի ղեկավարը, սակայն ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, նախագահի այդ սուր քննադատությանը պետք է հետեւեն հրաժարականներ, ինչպես նաեւ կոնկրետ քրեական գործեր, այլապես Սերժ Սարգսյանի հայտարարությունները կդիտվեն զուտ նախընտրական շրջանում կատարված քայլ։

«Ոչ միայն գլխավոր դատախազի հրաժարականը պետք է հետեւեր այս քննադատություններից հետո, այլ նաեւ այլ իրավապահ մարմինների ղեկավարները նույնպես, այդ թվում նաեւ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը», - նշեց պատգամավորը։
XS
SM
MD
LG