Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր այցելեց Արագածոտնի մարզի Կարպի համայնք, որտեղ նրան սպասում էին աղ ու հացով, զուռնա-դհոլով:

«Վստահեք նրանց, ովքեր գիտեն ձեր խնդիրներն ու պրոբլեմները, ուշադրություն են դարձնելու դրանց, հետեւողական են լինելու դրանց լուծման հարցում», - Կարպիի բնակիչներին ասաց ԲՀԿ ղեկավարը: - «Այն մարդը ով ի պաշտոնե պետք է լինի ժողովրդի կողքին եւ դա չի անում, նրան պետք է հեռացնել», - հավելեց Ծառուկյանը:

Ծառուկյանը Կարպի գյուղում անդրադարձավ նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին եւ այդ ուղղությամբ ԲՀԿ-ի ծրագրերին․ - «Գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը սպառնալիք են մեր երկրի համար։ Դրա դեմը պետք է առնվի։ Անհրաժեշտ է հարկային փոփոխություն։ Եթե միայնակ մարդը աշխատում է իր գործով, նա պետք է հարկերից ազատվի։ Երբ արդեն գումարները մեծ են, որ նա արդեն վարձու աշխատող է ընդունում, նա լիարժեք պետք է հարկերը տա»։

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի որակմամբ, այսօր փոքր ու միջին բիզնեսը պետության ողնաշարն է:

Ծառուկյանը դեմ արտահայտվեց նաեւ տնտեսության մեջ մենաշնորհի առկայությանը:

«Ով կխանգարի աշխատող մարդուն՝ նա ազգի թշնամին է», - ասում է Ծառուկյանը, - «Լսեք բոլորին, վերլուծեք նրանց ասածը, նոր գնացեք ընտրության եւ ընտրեք սրտի թելադրանքով»։

ԲՀԿ ղեկավարը հավելեց, թե ընտրությունների ելքը կանխորոշված չէ:

Աշտարակում ընտրողների հետ հանդիպման սկզբում պատասխանելով քարոզարշավի ընթացքի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, ասաց․ - «Ինձ համար քարոզարշավը չափից ավելի նորմալ է՝ այս ոգեւորվածությունը, այս ջերմությունը»։

Բոլոր համայնքներում հանդիպումներից հետո ԲՀԿ ղեկավարը կոչ էր անում ընտրել մեծամասնականով այդ ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ի թեկնածուին:

XS
SM
MD
LG