Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը «իմիտացիոն» է համարում Միասնական շտաբի աշխատանքները


ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան

Ավարտին մոտեցող քարոզարշավը Հանրապետական կուսակցությունում բնութագրում են «հաջող ու հանգիստ ընթացող գործընթաց»:

Հանրապետականի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քարոզարշավի հանգիստ ընթացքի մասին` հավելելով, որ առաջիկա կիրակի կայանալիք ընտրությունից հետո իրենք կնախապատրաստվեն հաջորդ ընտրություններին:

Սահակյանի գնահատմամբ, Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի գործոն են համարվում իրենք եւ քաղաքական կոալիցիայի կազմում ՀՀԿ-ի գործընկեր համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մնացած ուժերը փոքր կշիռ ունեն։

Չնայած Սահակյանը ԲՀԿ-ի հասցեին նման գնահատական է հնչեցնում, բայց ընտրությունների օրինականությունը դիտարկող միասնական շտաբի աշխատանքները, որում ներառված է նաեւ իր գործընկերը, համարում է իմիտացիոն:

«Իմիտացիոն եմ համարում, որովհետեւ մինչեւ այսօր որեւէ՝ գոնե դեկլարատիվ փաստաթուղթ չի հրապարակվել, թե ինչ սկզբունքներով, ինչի համար, ինչ պայմաններում, ինչ լիազորությունների շրջանակներում․․․», - պարզաբանեց Սահակյանը։

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունն իր երկրորդ միջանկյալ զեկույցում անդրադարձ է կատարել նաեւ Հանրապետականի կողմից վարչական լծակների օգտագործման դեպքերին: Միջազգային դիտորդներն արձանագրել են, որ օրինակ, ապրիլի 11-ին Վաղարշապատում ուսուցիչները եւ աշակերտները ազատ են արձակվել դասերից ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու համար: Ապրիլի 14-ին էլ Երեւանի Արաբկիր համայնքում ուսուցիչները խնդրել են աշակերտներին դասերից հետո գնալ նախագահ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ հանրահավաքին: ՀՀԿ փոխնախագահը, սակայն, հերքում է, որ իրենք ստիպողաբար են մարդկանց բերել հանրահավաքի:

«Դա ընդդիմադիրների տեսակետն է, որը երեւի ձեռնտու կլինի այս կամ այն դիտորդին։ Այնպես չէ, որ կարող ես այսօր մեկին ստիպողաբար տանել միտինգների», - հայտարարեց Սահակյանը, - «Բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացնում, երբ նախագահն է հանդես գալիս, առավել եւս՝ մարդիկ գնում են մեծ այդ քարոզարշավին, որովհետեւ դրանից հետո նաեւ համերգային ծրագրեր են լինում»։

Հանրապետական կուսակցության փոխնախագահը կարծում է, որ միայն Հանրապետական կուսակցությունը կարող է երկրում կայունություն ու անվտանգություն ապահովել:

XS
SM
MD
LG