Մատչելիության հղումներ

Կոնգրեսի առաջնային խնդիրն է՝ «ՀՀԿ-ին զրկել մենաշնորհից»


Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր չբացառեց, որ խորհրդարանում հայտնվելով՝ Կոնգրեսը կհամագործակցի այլ քաղաքական ուժերի հետ։

«Մեր առաջնային խնդիրն է ՀՀԿ-ին զրկել մենաշնորհից։ Հետեւաբար, եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնց հետ մենք հնարավորություն կունենանք մեծամասնություն կազմելու Ազգային ժողովում եւ ում նկատմամբ ունենք վստահություն, ում նպատակները մեր չափով ազգային են, ուրեմն կլինի համագործակցություն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սարգսյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին հարցին Լյուդմիլա Սարգսյանը վաղաժամ համարեց պատասխանել՝ կրկնելով Հայ ազգային կոնգրեսի տեսակետը․ - «Այժմ ընդամենը կա համագործակցություն ընտրությունները վերահսկող միասնական շտաբի շրջանակներում՝ առաջիկա ընտրություններում հնարավոր կեղծիքներից խուսափելու համար։ Բայց Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, «Բարգավաճ Հայաստանին» եւս մրցակից է համարում»։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ակնկալիքներին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ եթե ընտրությունները չկեղծվեն, Կոնգրեսը կա՛մ մեծամասնություն կկազմի, կա՛մ երկրորդ տեղում կլինի։

«Դրան հակառակ՝ քարոզարշավի ամբողջ ընթացքը ե՛ւ մեր, ե՛ւ ՀՀԿ-ի, մեզ տալիս է իրավունք ասելու, որ ՀՀԿ-ն իրականում 3 տոկոս ձայն չունի։ Ես նույնը չէի ասի Բարգավաճի մասին», - հավելեց ՍԴՀԿ ատենապետը։

«Հայ ազգային կոնգրեսը մտավախություն չունի՞, որ «Բարգավաճ Հայաստանը», ընդդիմադիրի կեցվածք ընդունելով, կարող է ստանալ ընդդիմադիր զանգվածի ձայները»՝ հարցին Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց․ - «Մենք երբեք Բարգավաճին չենք հայտարարել որպես ընդդիմություն, որովհետեւ ընդդիմությունը իրականում նա է, ով փողոցներում 5 տարի պայքար է ծավալել եւ հստակ ներկայացրել է այս իշխանության իրական պատկերը։ Նա մեր մրցակիցն է, ինչպես եւ Դաշնակցությունը, ինչպես եւ «Ժառանգությունը», ինչպես մնացած բոլոր ներկայացված քաղաքական ուժերը։ Բայց այս դեպքում մեր շահերը համընկնում են, եւ մենք ուրախ ենք, որ այս ընթացքում մենք կարող ենք համագործակցել եւ ՀՀԿ-ին հնարավորություն չտալ, որ նա դառնա մեծամասնություն»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG