Մատչելիության հղումներ

logo-print
Ինչպես կառավարության նիստում այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այս տարվա հունիսին շրջանառության մեջ դրվող նույնականացման քարտի վրա դրոշմակնիք դնել հնարավոր չէ:

Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում: Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներում կարդում ենք, որ այդ դրույթն ուժի մեջ է մտնում սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրության քվեարկության օրվանից սկսած:

Օրենքը նաեւ սահմանում է անձը հաստատող փաստաթուղթ հասկացությունը: Որպես այդպիսին համարվում է անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), նույնականացման քարտը եւ օրենքով թույլատրելի այլ փաստաթղթեր:

«Նույնականացման քարտերի պատրաստման ընթացքում պարզ դարձավ, որ դրանք չեն կարող ունենալ իրենց վրա թղթային մաս, կամ ունենալու դեպքում նրանց պաշտպանվածության աստիճանը էականորեն կիջնի: Այդ իսկ պատճառով որպես ընտրությունների մասնակցելու փաստաթուղթ նախատեսվում է բացառապես անձնագիրը», - պարզաբանեց Հրայր Թովմասյանը:

Ըստ նախարարի, նույնականացման քարտերով հնարավոր չի լինի մասնակցել ընտրություններին:

«Կունանք երկու անձնագիր: Մեկը վավեր է դրսում, մյուսը` ներսում: Ներսում այդ անձնագրերին զուգահեռ կգործեն նաեւ նույնականացման քարտեր», - նշեց նախարարը` շարունակելով. - «Սա չի վերաբերում այս պառլամենտական ընտրություններին, որովհետեւ այս պառլամենտական ընտրություններին դեռեւս նույնականացման քարտեր մենք ուղղակի չենք ունենա»:

Նույնականացման քարտերն ընտրությունների ժամանակ չդրոշմակնքելու համար, կառավարությունն այսօր փոփոխություններ առաջարկեց մի շարք օրենքներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնականացման քարտեր կկարողանան ձեռք բերել 2012 թվականի հունիսի 1-ից հետո: Նախատեսվում է, որ նույնականացման քարտը քաղաքացին կարող է օգտագործել հանրապետության տարածքում որպես անձը հաստատող փաստաթուղթ, իսկ արտերկիր մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ կօգտագործվի կենսաչափական տվյալներով անձնագիրը:

Օրենքը թույլ կտա քաղաքացիներին ստանալ, նաեւ փոխանակել հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել դրանց վավերականության ժամկետը՝ միաժամանակ օգտագործելով այն թե' Հայաստանի Հանրապետության տարածքում, թե' արտերկրում:

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նաեւ «Երեւան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում եւ այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների եւ վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով, ուսուցումն իրականցվելու է 2013-15 թվականների ընթացքում, որի համար անհրաժեշտ է մոտ 39 միլիոն 500 հազար դրամ:

Այդ ամենից բացի, Արմեն Երիցյանը խնդրեց վարչապետին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրվի Գառնիի դիտարանում տեղակայված դեֆորմոգրաֆը, որը Սպիտակի երկրաշարժից մի քանի օր առաջ արձանագրել է երկրակեղեւի տատանումը: Ըստ նախարար Երիցյանի, դեֆորմոգրաֆը 20 տարի է չի աշխատում:

Սեյսմակայուն շինարարության հետ կապված Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ ներկայացրեց այն ամենը, ինչ իրականացնում է նախարարությունը:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը սեյսմակայուն շինարարության հետ կապված նկատի ունենալով Քաղաքաշինության նախարարությանը, ասել էր հետեւյալը. - «Այնպես է ստացվել, որ մեկ նախարարություն շատ կարեւոր ե'ւ նախագծային փաստաթղթերի փորձաքննություն է իրականացնում, ե'ւ համապատասխան արտոնագրեր է տալիս տարբեր շինարարական կազմակերպություններին, ե'ւ միեւնույն ժամանակ իր ներսում գոյություն ունեցող, կամ տարիներ առաջ ստեղծված տեսչության միջոցով վերահսկում է»:

Պաշտոնյայի խոսքով, սակայն, պետք է լինի Քաղաքաշինության եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ մի մարմին, որը թույլ չտա Քաղաքաշինության նախարարությանն ունենալ մենաշնորհ շինարարության թույլտվության ոլորտում:

Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարեց, որ Համաշխարհային բանկը շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհ է տալու Հայաստանի կառավարությանը, որպեսզի նոր կառուցվող դպրոցներն ու մանկապարտեզները լինեն ավելի սեյսմակայուն:


XS
SM
MD
LG