Մատչելիության հղումներ

logo-print

Կենսաչափական անձնագրերի ներդրումը մեկ տարով հետաձգվել է


Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան

Հայաստանի ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրման գործընթացը հետաձգվում է մեկ տարով:

«Նախատեսված էր [ներդնել] սեպտեմբերին, բայց դժվար թե հասնենք: Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կարվի ու այն կիրառության մեջ կմտնի 2012 թվականին», - ասաց Մուրադխանյանը:

Նոր անձնագրերի ներդրման գործընթացը մեկնարկել է 2008 թվականից Հայաստանի նախագահի կարգադրությամբ` ելնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևից:

Նորայր Մուրադխանյանը նշում է, որ այս անձնագրերն ամրապնդում են կենսաչափական տվյալներ կրող անձի եւ նրա վերաբերյալ փաստաթղթային տվյալների համապատասխանության աստիճանը, նվազեցնում են անձը հաստատող փաստաթղթի կեղծման հավանականությունը: Բացի այդ հնարավորություն են տալիս պարզեցնել եւ ավտոմատացնել անձի նույնականացման գործընթացը, նաեւ մեծացնում են հետախուզման մեջ գտնվող մարդկանց հայտնաբերման հավանականությունը:

Ներքին օգտագործման համար կլինի նույնականացման քարտ, որը պարտադիր է լինելու 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Նույնականացման քարտը լինելու է կեսնաչափական տվյալներով` չիպով, որի մեջ ներառվելու են անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, թիվ, ամիս, ծննդավայր, լուսանկար եւ էլեկտրոնային ստորագրություն:

«Էլեկտրոնային ստորագրությունը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացուն էլեկտրոնային տիրույթում ֆինասական գործառույթներ իրականացնել», - շեշտեց Նորայր Մուրադխանյանը:

Մուրադխանյանի խոսքով` հետագայում հնարավոր է կառավարությունը որոշում ընդունի եւ կենսաչափական տվյալների` չիպի մեջ ներառվեն նաեւ վարորդական իրավունքի կամ առողջապահության հետ կապված տեղեկություններ: Արտասահման մեկնելու համար քաղաքացին անձնագիր կարող է ստանալ ցանկացած տարիքում եւ ըստ ցանկության: Անձնագրում կներառվեն անկետային տվյալներ, լուսանկար եւ երկու ցուցամատի մատնահետքերը` քաղաքացուն սահմանի վրա նույնականացնելու համար:

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, ով դեմ էր մի քանի տարի առաջ ներդրված սոցիալական քարտերին, այժմ էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արտահայտում է դժգոհությունը կենսաչափական անձնագրերի հետ կապված:

«Շտրիխ կոդ, հետո չիպ, հետո չիպը կտեղադրվի մեր մարմնի մեջ: Այսօր խնդիր է դրված մարդկանց համարակալել, չիպավորել, 6-7 միլիարդ բնակչությունից թողնել մեկ միլիարդ, միլիարդի մեջ ձևավորել ղեկավարներ եւ ղեկավարվողներ: Հիմա այս ծրագրի գաղափարի իրագործման ճանապարհին ենք», - կարծում է Ստամբոլցյանը:

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը նշում է, որ չիպն ընդամենը էլեկտրոնային կրիչ է անձնագրի մեջ, որտեղ կա լուսանկար, անկետային տվյալներ եւ մատնահետքեր, որպեսզի եթե մարդիկ փորձեն անունի մեջ տառ փոխել կամ լուսանկար կեղծել, անհամապատասխանությունը երևա:

Մուրադխանյանը հերքեց քաղաքացիների մեջ պտտվող այն խոսակցությունները, թե չիպի միջոցով հնարավոր կլինի լսել կրողի խոսակցությունը, եւ դրանք ասեկոսե որակեց:

Նույնականացման քարտը քաղաքացուն կտրվի 10-ը տարի ժամկետով, եւ այն ձեռք բերելու համար քաղաքացին կվճարի 1000 դրամ: Արտասահման մեկնելու անձնագիրը կտրվի 5 տարի ժամկետով, սակայն դեռ հայտնի չէ, թե որքան է պետք վճարել դա ստանալու համար:

Խաչիկ Ստամբոլցյանը կարծում է, որ պետք է պայքարել կենսաչափական անձնագրերի ներդրման դեմ:

«Պետք է դիմենք ամեն ճանապարհի, որպեսզի ազատ ընտրության հնարավորություն ունենանք», - ասաց Ստամբոլցյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG