Մատչելիության հղումներ

Հայաստանում պատրաստվում են ներդնել արտակարգ իրավիճակներին արձագանքման նոր համակարգ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը փետրվարի, 2011թ.

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը փետրվարի, 2011թ.

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստվում է ամերիկյան 911 կամ եվրոպական 112 համակարգերի օրինակով մի համակարգ ներդնել Հայաստանում:

«Ժողովուրդը, բնակիչը կամ որեւէ մեկը, եթե զանգում է 911, ինքը ակնկալում է, որ համապատասխան օգնություն կստանա, եւ կարող են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, իրավապահ մարմինների աշխատակիցները միասին գնալ եւ օգնության հասնել», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը պարզաբանեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է պատկերացնում այդ համակարգի ներդնումը, երբ Հայաստանում գործում են բնակչությանը սպասարկող տարբեր ծառայություններ, նախարարը արձագանքեց. - «Մենք ծառայությունը ստեղծելու ենք: 101, 02, 03,04… այդ ծառայությունները մնալու են: Բայց մենք պետք է այնպես անենք, որ ժողովրդի վստահությունը այնպիսին լինի, մարդիկ, եթե զանգահարում են 911, մենք կարողանանք ավելի լավ ծառայություն մատուցել»:

Երեկ Երեւանի Վարդանանց փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ-փրկարարներ ստացել էին այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Նախարարը այս կապակցությամբ ասաց. - «Հրշեջ-փրկարարը, եթե իր պարտքն է կատարում իր հայրենիքի առջեւ, այսինքն` եթե ինքը գնում է փրկելու մյուսի կյանքը.. այնտեղ վտանգավոր տեղ էր, եւ իրենք այդ այրվածները ստացել էին»:

Խոսելով նախարարության աշխատանքներում բացթողումների ու թերությունների մասին` Երիցյանն ընդունեց, որ դրանք առկա են «բոլոր ծառայություններում... Հիմա էլ կան թերություններ եւ բացթողումներ, բայց դրանք այնպիսի բաղթողումներ եւ թերություններ են, որ մենք կարողանում ենք ամենօրյա մեր աշխատանքով շտկել»:

Բարձրացվելու է արդյոք փրկարարների աշխատավարձը հարցին, նախարարը պատասխանեց. - «Մինչեւ 2013 թիվը դեռ աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա»:

Պատասխանելով Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության նախկին պետ Ալվարո Անտոնյանին վերաբերող հարցին` Երիցյանը ասաց. - «Իր դիմումի համաձայն պարոն Անտոնյանը ազատված է աշխատանքից: Իմ ինֆորմացիայով` հարուցվել է քրեական գործ 179 հոդվածի 3-րդ մասով` յուրացում»:

Ըստ արդեն հաստատված մեղադրական եզրակացության` Անտոնյանը յուրացրել է ավելի քան 3 միլիոն դրամ:

Գործն ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG