Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար


ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյան
ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր Վարդան Բոստանջյանը, այսօր ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի փոխի իր որոշումը եւ կոալիցիոն հուշագրի համաձայն 2013-ի նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հայտարարեց, թե ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար:

«Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին», - ասաց Բոստանջյանը:

Նախօրեին նախագահի նստավայրում տեղի էր ունեցել նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանի, ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ «Օրինաց երկրի» (ՕԵԿ) ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որի ընթացքում կոալիցիոն ուժերի ղեկավարները քննարկել էին մայիսին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր: Ինչպես Արթուր Բաղդասարյանն էր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել, հանդիպումն անցել էր «փոխըմբռնման մթնոլորտում»:

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է վերջին շրջանում իր կուսակցության նկատմամբ իրականացվող ճնշումների մասին հարցը, Բոստանջյանը պատասխանեց, թե կոալիցիոն ուժերի ղեկավարները այդ հանդիպման միջոցով պարզապես փորձել են թուլացնել գոյություն ունեցող լարվածությունը:

«Խոսակցություններ գնացել են այն մասին, որ, ինչպես մամուլն է ասում, հրաձգություններ, ճնշումներ եւ այլն, դրանք այդպես չորակվեն կամ այդպիսին չլինեն», - ասաց Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ կոալիցիոն ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ նոր հուշագիր ստորագրեն, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ներկայումս նոր փաստաթղթի կարիք չկա, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա այն ուղղված կլինի երկրի կայունության պահպանմանը: Նա վստահեցրեց, թե այսօր իշխող Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ վստահության պակաս չկա, ավելին` ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն անգամ փոխհամաձայնեցված կարգով կառաջադրեն իրենց մեծամասնական թեկնածուներին:

«Վստահության դեֆիցիտ ընդհանրապես գոյություն չունի, երկուսն էլ ունեն մեկ նպատակ, այն է` մեր երկիրը տեսնել բարգավաճ», - ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ի նկատմամբ բանեցվող ճնշումներին, որի մասին խոսել էր նաեւ անձամբ Վարդան Բոստանջյանը, ապա պարզվում է, որ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան: Բոստանջյանը պնդեց, թե ինքը ճնշումների մասին չի էլ խոսել:

«Ես ուրիշ բան եմ ասել, ես ասել եմ` որ դուք ասում եք, իմ կուլտուրան թույլ չի տալիս ձեր հետ չհամաձայնվել, բայց դա լրիվ այլ բան է», - ասաց պատգամավորը:

Հարցին, թե եթե ճնշումներ չկան, վստահության պակաս չկա, ապա ինչո՞ւ են կոալիցիոն ուժերը նախօրեին քննարկել լարվածությունը թուլացնելու հարցը, Բոստանջյանը պատասխանեց. - «Լարվածությունն ու վստահության դեֆիցիտը լրիվ այլ կատեգորիաներ են եւ իրար հետ չեն համատեղվում: Լարվածությունը կարող է ցանկացած բանից առաջանալ, եւ այս լարվածությունը, որին իբր մենք ականատես ենք լինում հիմա, պայմանվորված է հենց մրցապայքարով: Եվ բնականաբար, դրա արդյունքում ծագում են որոշակի լարվածություններ»:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ նախօրեին նախագահի նստավայրում կայացած կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը կտրուկ փոխել է շեշտադրումները:

Այս շաբաթ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ցանկանում են պայքարել ընտրակեղծիքների դեմ, միասնական ճակատ կազմել եւ «բռնել ընտրագողի ձեռքը»: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ այս խնդրի շուրջ իրենք պատրաստ են համագործակցել նաեւ ԲՀԿ-ի հետ:

ԲՀԿ պատգամավորը, ի պատասխան այն հարցին, թե իրենք պատրա՞ստ են ՀԱԿ-ի հետ նման համագործակցությանը, ասաց, թե ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության բոլոր մեխանիզմները ամրագրված են Ընտրական օրենսգրքում եւ հետեւաբար միասնական ճակատ ստեղծելու իմաստ չկա:

«Միասնական ճակատ կազմել ո՞ւմ դեմ: Ընտրակեղծարարը մենք ենք, նկատի ունեմ ընտրողներս` դուք, ես: Եթե մենք դեռեւս մեկ շիշ ձեթի շրջանակներում ենք ապրում, ուրեմն մենք, ըստ էության, կարող ենք նաեւ ընտրությունները կեղծել եւ որեւէ քաղաքական ուժ մեղավոր չէ դրանում», - ասաց Բոստանջյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG