Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը համամասնական ցուցակի շուրջ քննարկումներ է սկսում


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից բաղկացած նախընտրական դաշինքով:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրանքի գործիք լինելուց զատ կարող են դառնալ նաեւ նրան «պաշտոնանկության ճանապարհով հեռացնելու գործուն միջոց»:

«Գիտակցելով իրենց քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի առջեւ` Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերը որոշում են, որ նախընտրական դաշինքով մասնակցելու են առաջիկա ընտրապայքարին` սա դարձնելով վարչախմբի դեմ համաժողովրդական ցասման գեներացման, քաղաքացիական ընդվզման, քաղաքական կամքի մեկտեղման, Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահության արտահայտման հարթակ` լուծելու համար սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդի իշխանության հաստատման գերխնդիրը», - հայտարարեց Զուրաբյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը նաեւ համաձայնության է եկել իր համամասնական ցուցակի շուրջ, եւ հնարավոր է, որ ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնեն ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների ղեկավարները, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այսօր քաղխորհրդի նիստում կուսակցությունները ներկայացնելու են իրենց տեսակետները համամասնական ցուցակի շուրջ: Զուրաբյանը քիչ հավանական համարեց, որ ՀԱԿ-ն այսօր այդ խնդրի շուրջ վերջնական որոշում կայացնի, քանի որ դա բավական բարդ խնդիր է լինելու:

«Մենք կազմել ենք նախընտրական դաշինք` առանց նախապես քննարկելու համամասնական ցուցակի կազմավորման սկզբունքները: Սա կարեւոր բան է, սա նշանակում է, որ 18 կուսակցությունները ավելի բարձր են դասում սկզբունքները, քան քաղաքական առեւտուրը, բայց մենք պատրանք չունենք եւ չենք կարծում, որ դա հեշտ գործ է լինելու: Այսօր իշխանությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ ՀԱԿ-ը այդ հարցում չի կարողանա հասնել համաձայնության: Նրանք շատ լուրջ ակնկալիքներ ունեին, որ մենք չենք կարողանա կազմել նախընտրական դաշինք, դա մենք արդեն ջարդեցինք: Հիմա նաեւ մտածում են, որ չենք կարողանա հասնել համաձայնության այս ցուցակների հարցում: Ոչի'նչ, մենք այդտեղ էլ իրենց կհիասթափեցնենք», - ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ցուցակի առաջին հորիզոնականի հարցը քննարկման ենթակա չէ, եւ ՀԱԿ-ում բոլորն էլ համաձայն են, որ նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը գլխավորի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը պատասխանեց. - «Քանի որ այդ հարցով քննարկում չի եղել, ես հիմա ոչինչ չեմ կարող ասել: Եթե ինձ եք հարցնում, ես բազմիցս ասել եմ, որ տրամաբանական կլինի, եթե Տեր-Պետրոսյանը լինի առաջինը ցուցակում, բայց դա ընդամենը իմ տեսակետն է, թեեւ վստահ եմ, որ շատերի տեսակետն է»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կառաջադրի թեկնածուներ նաեւ մեծամասնական ընտրակարգով, ապա Զուրաբյանը ասաց, թե այդ ուղղությամբ քննարկումները ընթանում են:

«Կենտրոնական շտաբի մոտեցումը այն է, որ բոլոր 41 ընտրատարածքներում ճիշտ կլինի, որ մենք առաջադրենք թեկնածուներ: Բայց դա դեռ քննարկման փուլում է», - ասաց նա:

Չնայած այս հանգամանքին, ՀԱԿ-ի համակարգողն ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի պարտադրեն իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, բայց եթե դա չստացվի եւ անարդար խաղի կանոնները չփոխվեն, ՀԱԿ-ը փորձելու է խաղալ այդ «վատ խաղի» կանոններով:

Զուրաբյանն անդրադարձավ նաեւ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ գոյություն ունեցող հակասություններին: Նա նշեց, որ եթե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ այդ հակասությունները շարունակվեն եւ խորանան, ապա դա ստեղծելու է լուրջ նախադրյալներ, որպեսզի ընտրություններն անցնեն առավել ազատ եւ արդար:

«Հանրապետականը այսօր զբաղված է մեկ խնդրի լուծմամբ` այնպես կեղծել ընտրությունները, որ հնարավորինս քիչ աղմուկ լինի, եւ նրանք կարողանան պահպանել իրենց գերակշիռ դիրքերը: Բայց եթե կոալիցիայի ներսում ստեղծված է մի իրավիճակ, երբ կոալիցիոն մեկ պարտնյորը չի ցանկանում հնազանդվել հակաժողովրդավարական պլաններին, դա արդեն ստեղծում է լրջագույն նախադրյալներ, որ նվազեցվեն Հանրապետականի կողմից իրականացվող կեղծիքները, եւ մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ` «Ժառանգության», Դաշնակցության, ինչու չէ նաեւ ԲՀԿ-ի հետ, ընտրակեղծիքների դեմ համատեղ ինչ-որ ճակատ կազմելու ուղղությամբ», - ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ այսօր իսկապես կա աննախադեպ գիտակցում, որ ընտրական կեղծիքները մեծ վնաս են բերում երկրին, եւ այս գաղափարի շուրջ համախմբում:

«Մենք սա շատ լուրջ զարգացում ենք համարում, պատրաստ ենք խորացնել այս համագործակցությունը եւ ստեղծել բոլոր հնարավորությունները, որ միասնական քաղաքական ուժերի համախմբված ճակատով փորձենք բռնել ընտրակեղծարարների եւ ընտրագողերի ձեռքը», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը:

please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG