Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Ղարաբաղյան կարգավորման առումով կարեւոր հանգրվան է համարում Աստանան


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան
«Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով», - ուրբաթ օրը Մադրիդում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Գագաթնաժողովին ներկա ԵԱՀԿ-ի գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ու ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին», - ասել է Էդվարդ Նալբանդյանը հեղինակավոր Club de Madrid եւ FRIDE (Foundation of International Relations and Foreign Dialogue - Միջազգային հարաբերությունների եւ արտաքին երկխոսության հիմնադրամ) քաղաքագիտական կենտրոնների կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ:

«Հնգակողմ հայտարարությամբ ամրագրվեց, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009 թվականի հուլիսի 10-ի Լ'Ակվիլայի եւ 2010 թվականի հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները», - ասել է Նալբանդյանը եւ ընդգծել. - «Աստանայում եւս մեկ անգամ հստակ նշվեց, որ կարգավորման համար առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:

«ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին վերահաստատվեց, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, ինչն ակնհայտ էր նաեւ Հելսինկիում, Աթենքում եւ Ալմաթիում կայացած ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքերով` չնայած Աստրախանի հռչակագրին եւ Աստանայի հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, ինչի մասին են վկայում Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող վերջին հայտարարությունները:

«Առնվազն տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ Աստանայի հնգակողմ հայտարարության ընդունումից ժամեր անց Ադրբեջանի պատվիրակությունը մերժում էր ներառել եւ նույնիսկ հիշատակել այն գագնաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում», - շեշտել է Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպում է ունեցել աշխարհի 50 երկրների շուրջ 70 պետության եւ կառավարության նախկին ղեկավարներ միավորող Club de Madrid-ի գլխավոր քարտուղար, Իսպանիայի նախկին արտգործնախարար Կարլոս Վեստենդորպի հետ:

Իսպանիայից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել իսպանական առաջատար El Pais թերթին:
XS
SM
MD
LG