Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը ավարտվեց


ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովը, 2-ը դեկտեմբերի, 2010թ.

ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովը, 2-ը դեկտեմբերի, 2010թ.

Աստանայի հուշագրի ընդունմամբ Ղազախստանի մայրաքաղաքում հինգշաբթի ուշ երեկոյան ավարտվեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության` երրորդ հազարամյակում գումարած անդրանիկ գագաթնաժողովը։

Աստանայի գագաթնաժողովի ավարտին ԵԱՀԿ-ի անդամ 56 պետությունների ղեկավարներին ամփոփիչ ուղերձով դիմել է 2010 թվականի տարեվերջի այդ ամենախոշոր միջազգային քաղաքական հավաքը հյուրընկալած երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Աստանայի հուշագրով մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը անվտանգության հարցում վստահության եւ թափանցիկության վրա հիմնված համակարգված մոտեցմանը», - ասել է Նազարբաեւը եւ ավելացրել. - «Սա բոլորիս համար պատմական հաջողություն է, որը համապատասխանում է ավելի լավ եւ անվտանգ աշխարհի մասին մեր ժողովուրդների ակնկալիքներին։ Հուշագրի ընդունմամբ կազմակերպության կյանքում մեկնարկում է նոր փուլ»։

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ հուշագրի դռնփակ քննարկումը բավական թեժ էր։ Այն պետք է ավարտվեր դեռ կեսօրին, սակայն ձգձգվել եւ ավարտվել է միայն կեսգիշերին։

Հուշագրում նշվում է, որ հարկ է ակտիվացնել ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների` բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման գործընթացները։ Դրանք պետք է իրականացվեն համաձայնեցված ձեւաչափերով եւ հիմքում պետք է դրվեն ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան հռչակագրում արտացոլված միջազգային օրենքների նորմերը եւ սկզբունքները։

Այնուամենայնիվ, գագաթնաժողովն այդպես էլ չի ընդունել գործողության նոր ծրագիրը, որը պետք է ներառեր ԵԱՀԿ-ի ավելի մեծ դերակատարությունը անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ Եվրոպայում եւ նախկին խորհրդային տարածքում հակամարտությունների կանխման եւ կարգավորման հարցերում։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի վերլուծական-լրատվական բաժնի աշխատակից Ռոն Սինովիցն է նշում, Աստանայի գագաթնաժողովի մասնակից դիվանագետներից մի քանիսը մասնավոր զրույցներում նկատել են, որ գործողությունների ծրագրի ընդունումը ձախողվել է որոշակի վիճահարույց խնդիրների առկայության հետեւանքով, դրանք են` Մերձդնեստրի խնդիրը, ռուս - վրացական լարվածությունը եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ - ադրբեջանական վեճը։

Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորություններով կպաշտպանի Արցախի ժողովրդի անվտանգությունը»։

ԵԱՀԿ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել 11 տարի առաջ Ստամբուլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG