Մատչելիության հղումներ

logo-print

Քլինթոնը կոչ է անում Ղարաբաղի հարցում պահպանել բոլոր սկզբունքները


Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում, Աստանա, 1-ը դեկտեմբերի, 2010թ.

Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում, Աստանա, 1-ը դեկտեմբերի, 2010թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Աստանայում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում չորեքշաբթի օրը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կոչ անելով պահպանել բոլոր սկզբունքները:

«Մենք պետք է վերականգնենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ` Մինսկի խմբի գլխավորությամբ մշակված սկզբունքների հիման վրա: Թույլ տվեք եւս մեկ անգամ Մինսկի խմբի համանախագահ երկրների անունից կրկնել, որ յուրաքանչյուր արդարացի եւ երկարատեւ խաղաղություն պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների, ինչպես նաեւ 6 կետերի վրա, որոնք մշակվել են նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի կողմից 2009 թվականի հուլիսի 10-ին», - ասել է Քլինթոնը:

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները 2009 թվականի հուլիսի 10-ին Իտալիայի Ակվիլա քաղաքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով համատեղ հայտարարություն էին ընդունել, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել երկարատեւ հակամարտությունը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները իրենց աջակցությունն էին հայտնել «կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումն ավարտելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին»:

Ինչպես նշված էր Ակվիլայի հայտարարությանը կից տեղեկանքում, հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ եւ միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ, տեղահանվածների եւ փախստականների` իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հետագա որոշում` «իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս Աստանայի գագաթնաժողովում իր խոսքում անդրադարձել է հակամարտություններին` նշելով, որ ԵԱՀԿ-ի պատասխանատվության գոտում առկա հակամարտություններն առավել ակտիվորեն պետք է լուծվեն:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին եւ Մինսկի խմբին, «ապագայում այդ գործընթացը պետք է շարունակվի այն հիմքի վրա, որը կդրվի այստեղ», հավելել է Գերմանիայի կանցլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG