Մատչելիության հղումներ

Հայ գերիների Հայաստան վերադառնալուց հրաժարվելու մասին լուրը` «քարոզչական հնարք»


Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւին
Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւին
Հայաստանը «քարոզչություն» է որակում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունը այն մասին, թե Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերը չեն ցանկանում վերադառնալ Հայաստան, այլ նախընտրում են տեղափոխվել երրորդ երկիր:

«Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը ստիպել է, որպեսզի, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելիս, մեր [գերված] հայրենակիցները նման հայտարարություններ անեն», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպումից հետո Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել երկու քաղաքացիականների` գերության մեջ զոհված Հայաստանի քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Գավրուշ Առուստամյանի դիակները:

Հայկական կողմը ապահովել է Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւի վերադարձը Ադրբեջան, ինչպես նաեւ` հանձնել է զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` ադրբեջանական կողմում այժմ 6 հայ ռազմագերիներ են գտնվում, 1 քաղաքացիական անձ եւ 5 հոգանոց մեկ ընտանիք: Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի:

Նախորդ շաբաթվա վերջին Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Շահին Սայհիլովը հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպմանը հայ գերիները ցանկություն են հայտնել Հայաստանի փոխարեն որեւէ այլ երկիր տեղափոխվել: Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել էր, որ գործող կարգի համաձայն, եթե ռազմագերիների եւ պատանդների մոտ բացակայում է իրենց երկիր վերադառնալու ցանկությունը, տվյալ երկրին նրանց հայրենադարձությունը անհնար է դառնում:

Ադրբեջանական կողմի հայտարարությունները կարող են որոշ հիմքեր ունենալ, քանի որ, օրինակ գերված հայ ընտանիքը` Հայաստանի քաղաքացի 51-ամյա Եղիշե Գեւորգյանը կնոջ եւ երեք անչափահաս` 3, 6 եւ 7 տարեկան երեխաների հետ «Երազ» ավտոմեքենայով, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, ճեղքել էին հայ - ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները, եւ հատելով սահմանը` կրակոցների ներքո անցել Նախիջեւանի տարածք:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Աշոտ Աստաբացյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ իրենք չեն մեկնաբանի ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունները` հավելելով, թե Կարմիր խաչի աշխատակիցների հանդիպումները պատանդների ու ռազմագերիների հետ գաղտնի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG