Մատչելիության հղումներ

Ներսես Նազարյան. «Սուքիասյանների նկատմամբ բարեհոգություն է ցուցաբերվել»


Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ասուլիսի ժամանակ, Երեւան, 19-ը փետրվարի, 2010թ.
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ասուլիսի ժամանակ, Երեւան, 19-ը փետրվարի, 2010թ.
«Սուքիասյանների նկատմամբ, փառք Աստծո, էս վերջին ժամանակներս, երեւի դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բարեհոգություն է ցուցաբերվել` ես չեմ ուզում չակերտները բացել», - հայտարարեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը` ուրբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալության հետ կապված միջադեպին:

Հակադարձելով տվյալ միջադեպին իր եւ Ազգային ժողովի գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առնչության մասին հրապարակումներին` Երեւանի ոստիկանապետը հայտարարեց, թե ինքը Սուքիասյանների հետ պակաս մտերիմ չի եղել, քան Հայրապետյանի հետ:

«Ինչքան եղել եմ ընկեր Ռուբեն Հայրապետյանի հետ, այդքան էլ ընկեր եմ եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանի, Սարիբեկ Սուքիասյանի [հետ], բայց դա հիմք չի հանդիսանում, որ որեւէ մեկը հանցագործություն կարող է կատարել եւ խուսափել դրանից», - հայտարարեց Նազարյանը` մանրամասնելով. - «Բոլորիդ համար պարզ է, որ եղել է իսկապես ահազանգ, որ այնտեղ պահվում է` իրենց օֆիսում, Գոռ Դավթյանը, ոստիկանությանը դիմել է Գոռ Դավթյանի ընկերը` Գեւորգ Ղազարյանը, որ ինքը ստացել է մեսիջ, որ իր ընկերը գտնվում է այնտեղ, իր [Դավթյանի] նկատմամբ ուժ է կիրառվում, բռնություն է կիրառվում, եւ իրեն այնտեղ պահում են, ստիպում են թղթեր ստորագրելու, որին ինքը համաձայն չէ: Ի՞նչ եք մտածում, ի՞նչ պետք է անի ոստիկանությունը. էդ ժամանակ պետք է մտածեն` Նազարյանը ի՞նչ հարաբերությունների մեջ է Ռուբեն Հայրապետյանի հետ»:

Երեւանի ոստիկանապետը որեւէ արտառոց բան չի տեսնում «Սիլ» կոնցեռնի գրասենյակ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ներխուժման մեջ, որի ընթացքում իրավապահները, մասնավորապես, կոտրել էին գրասենյակի դռները:

«Շատ կներեք, որ ոտքերի ծայրերի վրա չեն մտել այնտեղ կամ ձեռնոցներով սպիտակ, կամաց ինչ-որ… Ոչ, իսկապես գնացել են այնտեղից, չեմ ուզում ասել` փրկելու, բայց այնտեղից դուրս բերելու մարդու, որը դիմել է, որ իր նկատմամբ ուժ է կիրառվում, եւ հնարավոր է` մի հատ էլ աթոռ ծռվի, եւ հնարավոր է` ինչ-որ դուռ էլ վնասվի», - ասաց Ներսես Նազարյանը եւ հավելեց. - «Բայց փորձել կատարված հանցագործությունը թաքցնել էն հանգամանքի մեջ, որ սա կապ ունի Նազարյանի ու Ռուբեն Հայրապետյանի կամ մյուսի մոտիկության հետ.... Ինձ չի թվում, որ Հայրապետյանը ասել է Սարիբեկին` «Գոռին կանչեք ձեզ մոտ, պահեք, թղթեր ստորագրել տվեք, որ անօրինական է», եւ ինձ չի թվում, որ ես Սարիբեկին կամ իրենց էդ «ախրաննիկ» կոչեցյալ Արտաշեսին ասել եմ` «գնացեք, նման մարդկանց բերեք, որ ես գամ ձեզ բռնեմ»: Ի՞նչ է դա նշանակում»:

Ոստիկանապետի պնդմամբ՝ անաչառ քննություն է ընթանում, բոլորը տեղյալ են լինելու ամեն ինչից, ու եթե ոստիկանությունը խախտումներ է թույլ տվել, մեղավորը պատասխանատվություն կկրի:

Ուրբաթ օրը ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երեւանի ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչները մեղադրանք են առաջադրել Սարիբեկ Սուքիասյանին՝ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի հատկանիշներով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով անձին ազատությունից զրկելը):

Սարիբեկ Սուքիասյանը եւ Արտաշ Ստեփանյանը, հիշեցնենք, բերման էին ենթարկվել «սպանության սպառնալիքի» կասկածանքով, սակայն տուժող ճանաչված Գոռ Դավթյանը հրաժարվել է զենքով սպառնալիքի մասին իր նախնական ցուցմունքից:

Սուքիասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ծիծաղելի» որակեց մեղադրանքը:

«Անհեթեթ, որեւէ բանով չհիմնավորված մեղադրանք է: Սրա տակ քողարկված են բոլորովին այլ նպատակներ: Ուղղակիորեն սա կապված է «Սիլ» հանքային ջրի արտադրության հետ: Կան ուժեր, որոնք ուզում են, որ «Սիլ» հանքային ջորը չարտադրվի», - հավելեց փաստաբանը:

«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը փետրվարի 12-ին բերման ենթարկվելուց 72 ժամ անց ազատ են արձակվել. նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Սարիբեկ Սուքիասյանը իր դեմ քրեական գործի հարուցումը կապում է իր եւ եղբոր՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր քաղաքական կողմնորոշման հետ։
XS
SM
MD
LG