Մատչելիության հղումներ

Սարիբեկ Սուքիասյանը իր դեմ քրեական գործի հարուցումը պայմանավորում է իր քաղաքական հայացքներով


Հայաստան --Սարիբեկ (ձախից) եւ Խաչատուր Սուքիասյաններ, արխիվ

Հայաստան --Սարիբեկ (ձախից) եւ Խաչատուր Սուքիասյաններ, արխիվ

«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը օրերս իր դեմ քրեական գործի հարուցումը կապում է իր եւ իր եղբոր՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր քաղաքական կողմնորոշման հետ։

Փետրվարի 12-ին ոստիկանների մի մեծ խումբ մուտք էր գործել «Սիլ» կոնցեռնի գրասենյակ ու բերման ենթարկել Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին։ Երեք օր անազատության մեջ մնալուց հետո նրանց ազատ էին արձակել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ, մասնավորապես, հարուցվել է քրեական գործ «սպանության սպառնալիքի» եւ «ապօրինի զենք կրելու» կասկածանքով։

«Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք չհավատացին այս ստին ու այս կեղծիքին», - երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ գործով զբաղվում են իր փաստաբանները՝ «նրանք բոլոր հարցերը կկարգավորեն»։

Գործարարի համոզմամբ, իրենց ընտանիքի դեմ ուժային կառույցների ձեռնարկած քայլերը պայմանավորված են Սուքիասյանների ընդդիմադիր քաղաքական կողմնորոշմամբ, որն էլ իր հերթին հանգեցնում է տնտեսական հետեւանքների։ Սարիբեկ Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ «Բջնի» գործարանը իրենցից խլելուց հետո, այժմ էլ իշխանությունների նպատակն է խլել «Բյուրեղ» շշալցվող ջրերի գործարանը։

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում 2007 թվականից կատարված ստուգումների արդյունքում գործարանի նկատմամբ շուրջ 5.2 միլիարդ դրամի տուգանք սահմանվեց։ Այն բանից հետո, երբ «Բջնին» հրաժարվեց վճարել տուգանքները, ընկերություն նկատմամբ սնանկության գործընթաց սկսվեց եւ «Բջնի» գործարանը աճուրդով վաճառվեց գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ հերթական քրեական հետապնդում սկսելը վկայում է Սուքիասյանների ունեզրկելու՝ իշխանությունների մտադրության մասին։ Փաստաբանի խոսքով. - «Բջնիի զարգացումներից հետո, երբ արդեն այս երկրորդ գործարանը գոյություն ուներ եւ արտադրություն էր տալիս, տեսնելով, որ այլեւս որեւէ հնարավորություն չունեն, որպեսզի կարողանան դադարեցնել նաեւ այս գործարանի գործունեությունը, միակ ուղին է մնացել քրեական հետապնդում սկսելը»։

Ոստիկանության Էրեբունիի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան վերահաստատեց ոստիկանության տարածած պաշտոնական վարկածը քրեական գործի կապակցությամբ. փետրվարի 12-ին ոստիկանության է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ «Սիլ գրուպի» գրասենյակում իրեն սպառնացել են ու պարտադրել ստորագրել «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր։ Ոստիկանությունն անմիջապես արձագանքել է ստացված ահազանգին։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչը մտահոգություն է հնչեցնում


ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները մամուլի ասուլիսում: Երեւան, 16-ը փետրվարի, 2010թ.
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երեւանի մասնաճյուղի տնօրեն Վալերիու Ռազլոգը երեքշաբթի օրը մտահոգություն է հնչեցրել «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ վերջին օրերին կատարվածի կապակցությամբ:

ՎԶԵԲ-ը, ինչպես հայտնի է, «Հայէկոնոմբանկ»-ի 25 տոկոսի բաժնեմասի տերն է: Ընդհանուր առմամբ 29 երկրներում գործարար մթնոլորտի բարելավմանը եւ տնտեսական բարեփոխումներին միտված խոշորածավալ ծրագրեր իրականացնող միջազգային այս բանկը ներգրավված է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում:

«Գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալությունը հաստատապես չի նպաստում Հայաստանի գործարար իմիջի բարելավմանը: Մենք ուշադիր հետեւում էինք նրա հետ կապված իրադարձություններին, եւ պետք է նշեմ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը շատ մտահոգված էր «Հայէկոնոմբանկ»-ի նախագահի հետ տեղի ունեցածով: Ուրախ ենք, որ նա ազատ է արձակվել», - լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց ՎԶԵԲ-ի Երեւանի մասնաճյուղի տնօրեն Վալերիու Ռազլոգը:
XS
SM
MD
LG