Մատչելիության հղումներ

Սարիբեկ Սուքիասյանը ձերբակալվել է սպանության սպառնալիքի կասկածանքով


«Հակէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյան

«Հակէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյան

Երեկ ոստիկանության Էրեբունու բերման ենթարկված «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը եւ Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը ձերբակալվել են՝ «սպանության սպառնալիքի եւ ապօրինի զենք կրելու» կասկածանքով:

Հարկ է անմիջապես նշել, որ Սուքիասյանների պաշտպաններից Երվանդ Վարոսյանի խոսքով, կասկածյալներից զենք չի առգրավվել:

Սարիբեկ Սուքիասյանը, հիշեցնենք, «Սիլ» կոնցենռի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:

««Սիլ» կոնցեռն ներխուժելու ոստիկանական երեկվա օպերացիայի, ապա լուսադեմին կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանին ու «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին ձերբակալելու շարժառիթը Սուքիասյանների ունեցվածքը խլելն է»,- Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը ասաց Սուքիասյանների փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ոստկանության հաղորդագրության մեջ նշված տուժողի` ոստիկանություն ներկայանալու ժամից մեկուկես ժամ առաջ արդեն շրջանառվում էին լուրեր, որ ոստիկանները ներխուժել են «Սիլ» կոնցեռնի գրասենյակ։ Այսինքն, եթե համադրենք ոստիկանության հաղորդագրությունն ու իրական փաստերը, կստացվի, որ երեկ ժամացույցի սլաքը սկսել է հետ պտտվել, քանի որ ժամը 16-ից քիչ անց «Սիլ» կոնցեռնի կենտրոնական գրասենյակում արդեն ականատեսները ահաբեկված վկայում էին, որ ոստիկաններն այցելել են եւ բերման ենթարկել Սուքիասյանին եւ Ստեփանյանին։

Ժամանակագրական անհամապատասխանություններից բացի, կան նաեւ բովանդակային հակասություններ պաշտոնական եւ ոչ պաշտոնական պարզաբանումների միջեւ։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ Սուքիասյանը եւ Ստեփանյանը Գոռ Դավթյանին սպառնացել են «Սիլ» կոնցեռնի գրասենյակում։
Նշվածի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկություններ տրամադրեց Սուքիասյանների փաստաբան Արա Զոհրաբյանը, ով, ի դեպ, այս քրեական գործում ներգրավված չէ իբրեւ Սուքիասյանի պաշտպան, քանի որ, իր խոսքով, ամենայն հավանականությամբ, կճանաչվի որպես վկա։

Զոհրաբյանը պատմեց, որ երեկ Գոռ Դավթյանի խնդրանքով է եղել վերջինիս եւ Սուքիասյանի ու Ստեփանյանի հանդիպումը, որին, ի դեպ, մասնակցել է նաեւ Արա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով, մինչեւ հանդիպումը Գոռ Դավթյանը զանգահարել է իրեն. - «Գոռը ասաց, որ իրեն մեկ օր առաջ ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները այցելել են, նույնիսկ հարկային ծառայությունը իր ընկերության նկատմամբ արգելանք է դրել, իր ընկերության նկատմամբ մեծ ճնշում կա ուժային կառույցներից: Ավելին՝ որ նա հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի մարդկանց հետ, եւ նրան առաջարկել են այդ բաժնետոմսերը վաճառել Ռուբեն Հայրապետյանին… Գոռը ասաց, որ ուզում է հանդիպել Սարիբեկին»:

Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, ի դեպ, ըստ Արա Զոհրաբյանի, կարողացել է «Բյուրեղ» ընկերության բաժնետեր դառնալ Գոհարիկ անունով մի անձնավորության միջոցով, որն ունեցել է ընկերության 4 տոկոս բաժնեմասը։

Սուքիասյանները անցյալ տարի 105 միլոն 700 հազար դրամով գնել են Գոռ Դավթյանին պատկանող 40 տոկոս բաժնեմասը, մեկ այլ բաժնետերից՝ Ռոբերտ Հարությունյանից, նույնպես գնել են 40 տոկոս բաժնեմաս եւ այդպիսով դարձել ընկերության 80 տոկոսի բաժնետեր։ Բաժնեմասերի հետ կապված զարգացումների առնչությամբ Սուքիասյանները Գոռ Դավթյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Պայմավորվեցինք, որ պետք է նամակ կազմվի, ուղղվի Ռուբեն Հայրապետյանին, որ՝ բաժնետոմսերը Ձեզ չեն վաճառվում», - պատմեց Զոհրաբյանը: - «Այդ նամակն է ստորագրվել Գոռի կողմից, եւ այդ պատմությունը միանգամից տեղի է ունենում»:

Գոռ Դավթյանը կտրականապես հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից: Իսկ Ռուբեն Հայրապետյանն ասաց, թե հարցերին այսօր չի պատասխանի, քանի որ հանգստյան օր է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին «խիստ զբաղված լինելու» պատճառով հրաժարվեց պատասխանել նաեւ քննիչ Արթուր Պետրոսյանը:

Ձերբակալվածները այժմ ժամանակավոր պահման մեկուսարանում են, կալանավորման համար օրենքով նախատեսված 72 ժամը կլրանա երկուշաբթի։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ տեղեկացրեց, որ Սարիբեկ Սուքիասյանն առողջական խնդիրներ ունի, լուսադեմին` ժամը 6-ի սահմաններում շտապօգնություն են կանչել։
XS
SM
MD
LG