«Մենք Հայաստանին մշտապես զգուշացնում ենք, որ ԵՄ-ն այլևս զուտ տնտեսական-ինտեգրացիոն միավորում չէ»,- Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով.- «Առաջին տարին չէ, որ մենք Հայաստանին ասում ենք այդ մասին։ Պարզապես մենք դա անում էինք փակ ռեժիմում և չէինք ցանկանում հանրայնացնել այդ փաստը»։
«Մենք ասում էինք, որ այսօր ԵՄ ձևափոխվել է՝ վերածվելով ռազմա-քաղաքական դաշինքի, որը բացահայտորեն խոսում է մեր երկրի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքի մասին»,-հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Մինչ ռուսական կողմը ամենօրյա ռեժիմով պահանջում է, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական դաշինքը լքելու հարցով, վարչապետ Փաշինյանն օրերս ուղիղ հայտարարեց՝ առաջիկայում նման օրակարգ չունի.
«Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է», - հայտարարել էր վարչապետը: