Օրգովում հույս ունեն՝ իրավապահները կպարզեն, թե ինչ ճանապարհով է երեխային ծանր թմրամիջոցը հասել

«Թմրանյութի ու երեխայի պատմության հետ ոչ մի կապ չունեմ», - պնդում է 60-ամյա տղամարդը, որին մեղադրանք է առաջադրվել Օրգովի դպրոցի 12-ամյա աշակերտի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերվելու դեպքի առիթով:

«Ինչ որ ես ասում եմ, լրիվ ճշտություն: Միլիոն տոկոսով, եթե ես ճիշտ չլինեմ, հիմի արդեն ես նստած կլինեի բերդում: Խաբելու բան չկա: Եկել են, խուզարկել են, ամեն ինչ արել են, ուզեցել են, ուզեցել են՝ կողքից, ես չեմ իմանում ով ա, ուզեցել են, որ սարքեն, բայց չի ստացվել», - «Ազատությանը» ասաց տղամարդը:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մի հոգու են ձերբակալել, հետո Քննչականն «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց՝ քրեական գործ է հարուցվել թմրամիջոցների ապրինի շրջանառության հոդվածով, տղամարդու նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը դատարանը մերժել է, ու այժմ նա երկրից բացակայելու արգելքի տակ է:

«Ես շատ եմ կարում տանից դուրս գամ, մնաց... իմ ոտը տրոմբ ա, ես չեմ կարում շարժվեմ», - նշեց տղամարդը:

Նա հենց Օրգովում է ապրում, պատմեց, որ անցած երկուշաբթի իրեն ոստիկանները տարել են, շաբաթ օրը դատական նիստն է եղել, ու ինքն ազատ է արձակվել: Մինչև այդ մանրամասն խուզարկել են նաև տունը. - «Առաջի հարկից երկրորդ հարկ լրիվ մաքրել են, լրիվ քանդուքարափ են արել, ոչ մի բան ոչ գտել են, ոչ էլ էն ա»:

Ենթադրվում է որ հենց այս մարդու մասին էր խոսում ներքին գործերի նախարարը:

«Ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել», - ասել էր Արփինե Սարգսյանը:

«Պատրաստ եմ, ես ամեն ինչի համար պատրաստ եմ՝ նստելու, դատվելու, ցանկացած բանի, թող բերեն ապացուցեն», - ասաց օրգովցի տղամարդը:

Նրա պատմելով՝ իր անունը տվել է հենց թմրանյութից թունավորված երեխան, բայց րոպեներ անց փոխել է խոսքը: Կարծում է՝ իրավապահների ուշադրության ներքո է հայտնվել երեք տարի առաջ թմրանյութի հետ կապված մի պատմության պատճառով, որտեղ, էլի է պնդում, ինքը մեղավոր չէր. - «Մազերս կտրել են, արել են փորձաքննության, որ ես չեմ»:

Դասընկերների հետ էքսկուրսիայի մեկնելուց հետո էր 12-ամյա երեխայի օրգանիզմում ծանր՝ K2 տեսակի սինթետիկ կանաբինոիդների խմբի թմրամիջոց հայտնաբերվել։ Օրգովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներ, բոլորը՝ 5-ից 8-րդ դասարանցիներ, ուղևորվել էին Կարին գյուղ կրթական ծրագրով: Ի դեպ, մեղադրյալի կարգավիճակ ունեցող օրգովցի տղամարդու որդին նույնպես աշակերտների խմբում է եղել: Ոչ ոք բացի 12-ամյա տղայից էքսկուրսիայից հետո չի վատացել: Ծնողների պնդմամբ՝ նա տուն է հասել բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավերով, հիշողության խանգարմամբ:

«Ես կարծում եմ՝ եթե երեխան խոսի, ասի, հիշի, էդտեղ մենք այլևս խնդիր չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օրգովի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը:

Դպրոցի տնօրենն ի սկզբանե բացառում էր, որ էքսկուրսիայի ժամանակ կամ ավտոբուսում երեխան որևէ կասկածելի շփում ունեցած լիներ օտար մարդկանց հետ, պնդում էր՝ երեխան առողջ ու ակտիվ մասնակցել է էքսկուրսիային, հարցեր տվել գիդին: Եվ երեկոյան 17:25 նորմալ վիճակում հասել է գյուղ , ծնողներին ... Ի դեպ, ընտանիքում պնդում էին, որ ոչ թե երեկոյան 5-ին, այլ 7-ին է ավտոբուսը գյուղ հասել: Ինչ է տեղի ունեցել ու որ ժամանակահատվածում՝ Օրգովում հույս ունեն, որ իրավապահները կպարզեն, թե ինչ ճանապարհով է երեխային ծանր թմրամիջոցը հասել ՝ համայնքո՞ւմ, թե՞ այլ՝ Տելեգրամում վաճառքի եղանակով:

«Չեմ մոտեցել՝ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ընտանիքի անդամներն ասում են՝ հոգեբանը ասել է, որ դեռևս երեխայի շփումը այլ մարդկանց հետ այդքան չի խրախուսվում ... Ամեն դեպքում, շատ ուրախացա, երբ որ տեսա», - ասաց Էդգար Չաթոյանը:

Դպրոցի տնօրենը հուսադրող է համարում այն, որ վերջին օրերին տղային տեսնում են դրսում, ենթադրում են՝ դեպի լավը փոփոխություն կա առողջական վիճակում: Ընտանիքից տեղեկացանք՝ հիշողության խանգարում երեխան դեռ ունի, մասնագետների հսկողության տակ է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ հոգի ձերբակալվել է. ՆԳՆԷքսկուրսիայից հետո՝ հիվանդանոց. 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել