Երևանի բնակիչները շատ վատ են գնահատում մայրաքաղաքի երթևեկությունը։ Օրեցօր ծանրացող խցանումները հաղթահարելն ու աշխատանքի հասնելը դարձել է մեծ մարտահրավեր մարդկանց համար։
Աջափնյակի մետրոն կառուցելու խոստում տված իշխանությունը որ գոնե Էստակադա ու թունել կառուցեր, այս ճգնաժամը չէր լինի, ասում են «Ազատությանը» հանդիպած մարդիկ։ Վարչական շենքերն էլ որ կենտրոնից ծայրամաս տեղափոխեին, շարժը կթեթևանար, կենտրոնը պիտի բեռնաթափվի, նշում են:
Երթևեկությունը կանգնած է լույսը չբացված, դժգոհում է տաքսու վարորդը, ով իր աշխատանքն արդեն տանջանք է համարում։ Նախկինում խցանումներն ինչ-որ ժամերի էին, հիմա շուրջօրյա է, բողոքում է Արմեն Զաքարյանը. - «Ժամ գոյություն չունի, 7:30-ից Իսակովի պողոտան արդեն Արգավանդից սկսում է կանգնել»։
«Արդեն առավոտից տրամադրությունը ընկած, նյարդայնացած աշխատանքի ենք գալիս». - մեծ պատմություն է Աջափնյակից կենտրոն հասնելը, ասում է «Ազատության» զրուցակից կինը, որ հույս ուներ՝ ամառային արձակուրդներին ճանապարհները բաց կլինեին։ Իր ճանապարհը մի քանի անգամ երկարել է Կիևյան կամրջի վերանորոգման պատճառով։ Կիևյանը մինչև փակվելն էլ ծանրաբեռնված էր, ու այստեղ մշտապես խցանում էր։
«Մենք հաստատեցինք երեք կարևորագույն ծրագիր Երևան քաղաքի համար։ Առաջին ծրագիրը, իհարկե, Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն էր, որը հենց նոր հաստատվեց կոմիտեի նիստով». - այս ծրագիրը երեկ Կառավարության կոմիտեի նիստում են հաստատել, ֆեյսբուքյան լայվով տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մետրոյի շինարարության մրցույթը խոստանում են հայտարարել մյուս տարի։
Ընտրություններից երկու ամիս առաջ էլ քաղաքապետն ու վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստում խոսեցին խցանումների պատճառներից ու լուծումներից: Դրանից հետո էլ մարդկանց համար նկատելի բան չփոխվեց։
«Ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա... չգիտեմ ոնց են թարգմանում, բեզռազմեռը հայերեն ո՞նց է, անչափ չի, էլի, ինքը մեկ է չափ ունի, ցանկացած փողոց, և մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք և հասկանանք, որ այդ մեքենան գալիս է, մտնում է այդ նույն փողոցը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև, օրինակի համար, վերջին վայրկյանին այն դեղին լույսի տակով անցած մարդը գնում է և կանգնում է խաչմերուկի մեջտեղում, և դա էական մեծ դեր ունի, այսինքն՝ մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք», - արձագանքեց Տիգրան Ավինյանը:
Իշխանությունը ծանրացող երթևեկությունը հիմնականում բացատրում է մեքենաների ահռելի հոսքով։ Որ մեքենաների հոսքը մի քանի անգամ ավելացել է, համաձայն է նաև ընդդիմությունը, բայց իշխանությանը մեղադրում են դրան համարժեք լուծումներ չգտնելու համար։
«Էս քաղաքի էս խելահեղ կառուցապատումը պիտի մի օր կանգ առնի։ Քաղաքի ենթակառուցվածքները թույլ չեն տալիս, որ քաղաքը էսքան մեծանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:
Երևանյան խցանումների գլխավոր պատճառը, ըստ Սուքիասյանի, բազմահարկ շենքերի շինթույլտվությունների ահռելի քանակն է. - «Որպես քաղաքային իշխանություն վերջին հինգ տարում տվել ես 17 հազար, վերջին վեց տարում՝ 16 հազար մեծ ու փոքր շինթույլտվություն, և ինքդ էլ խոստովանում ես, որ քաղաքի բնակչությունը անհամաչափ մեծանում է։ Հիմա հարց է առաջանում՝ բա էդ բնակչությունը ո՞ր ճանապարհներով պիտի երթևեկի, եթե դու չկառուցես շրջանցիկ ճանապարհներ, էստակադաներ, ինչպես նաև վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ»։
Որ Երևանում կենտրոնը բեռնաթափվի, քաղաքապետարանը բարձրացրեց կարմիր գծերի վճարը, դասերի ժամը փոխեցին, հանրային տրանսպորտի գծերը առանձնացրին, բայց խցանումները չթեթևացան։ Փոքր-ինչ մեղմվում է, երբ աշխատանքային ժամերի ավարտից հետո ճանապարհային ոստիկաններն են կարգավորում երթևեկությունը։