Հունգարիայում ազգային զարգացման նախկին նախարար Միկլոշ Շեստակից առգրավել են ավելի քան 5 միլիարդ ֆորինտ, 2.65 միլիոն եվրո և 1.57 միլիոն դոլար՝ ընդհանուր մոտ 20 միլիոն դոլար կանխիկ գումար:
Ինչպես հաղորդել է հունգարական MTI լրատվական գործակալությունը, գումարն առգրավվել է Շեստակի նկատմամբ կոռուպցիոն քրեական գործով խուզարկությունների ընթացքում, որոնք իրականացվել են նոյեմբերի 12-13-ը մայրաքաղաք Բուդապեշտի և երեք մարզերի մի քանի հասցեներում: Փողերը թաքցված էին գյուղատնտեսական, պահեստային և բնակելի շինություններում, մի մասը թաղված էր անտառում:
Հունգարիայի ֆինանսների նախարար Անդրաշ Կարմանի խոսքով՝ փողերը հաշվելու համար Պետական գանձապետարանի 12 աշխատակիցներից պահանջվել է ութ ժամ, օգտագործվել է թղթադրամներ հաշվող հինգ մեքենա:
Շեստակը այժմ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում ազգային զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014-18 թվականներին: Քննության վարկածով՝ նա և ակտիվների կառավարման պետական ընկերության ղեկավար Նորբերտ Սիվեկը ավելի քան 11 մլրդ ֆորինտ (33 միլիոն դոլար) կաշառք են ստացել Volánbusz ավտոբուսային պետական փոխադրողի հետ կապված ընկերություններից:
Շեստակին ձերբակալել, ապա կալանավորել են սեպտեմբերի վերջին՝ զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Նախկին նախարարը հերքում է բոլոր մեղադրանքները: