Օպտիմալացո՞ւմ, թե՞ դպրոցների փակում, աղետ

Դպրոց Հայաստանում, արխիվ

Այս սեպտեմբերին Սյունիքի մարզի Աղվանի գյուղի դպրոց կմտնի միայն մեկ աշակերտ՝ երրորդ դասարանցի Միկա Վարդազարյանը։ Նա կդառնա գյուղի 80-ամյա դպրոցի վերջին աշակերտը։

Խորհրդարանում նորից եռում է երկրով մեկ 229 դպրոց փակելու թեման։

«Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ երեխայի կրթության վրա ծախսվում է 20 միլիոն դրամ». - իշխանականներից Թագուհի Ղազարյանն առաջարկում է գյուղական փոքր դպրոցում մեկ աշակերտի ֆինանսավորմանն ուղղվող 20 միլիոնը ավելի արդյունավետ օգտագործել։

Կոնկրետ Աղվանիի միակ աշակերտին սպասարկում է դպրոցական 9-հոգանոց անձնակազմ, ու գումարը 20 միլիոն չէ, ասում է Աղվանիի դպրոցի տնօրենը։

«Դե մի քիչ շատ էր ասում, 20 միլիոն հնարավոր չի, թող ամենաշատ 10-11, տենց», - «Ազատությանը» ասաց Մարգո Մկրտչյանը:

Աղվանին էլ Կապանի տարածաշրջանի մի շարք այլ գյուղերի հետ դպրոց չի ունենա այն ժամանակ, երբ Խոտանանում կկառուցվի կրթահամալիր այս գյուղերի երեխաների համար։

«Դե շատ ցավալի է, որ գյուղական դպրոցներում, մենակ մեր դպրոցը չի, էլի, ասենք մերը, հա, մի աշակերտ է, բայց դպրոցներ կան, որ երեք աշակերտ, հինգ աշակերտ, երկու աշակերտ, դա շատ ցավալի փաստ է։ Դե միավորումից հետո կերևա ինչ է կատարվում», - նշեց Մարգո Մկրտչյանը:

Խոտանանի խոստացված կրթահամալիրն ուշանում է, դպրոցի նախկին երկհարկանի շենքը քանդել են, 23 աշակերտներին ուղարկել գյուղապետարանի շենք, ու արդեն երկու տարի է՝ խոստացված կրթահամալիրը չկա, ու քանի դեռ չկա, հարևան գյուղերի փոքրիկ դպրոցները այս սեպտեմբերին կշարունակեն ընդունել փոքրաթիվ սովորողներին։

«Եթե այսպիսի փոքր դպրոցներ է, ճիշտը գնալն է, որովհետև ամեն մի դասարանում մի հոգի է նստում: Բայց եթե գյուղի հիմնական դպրոց չլինի, մի քիչ սիրուն չի, դպրոցը, ինչ-որ, կյանք է փոխում, էլի», - «Ազատությանը» ասաց Նախիջևանի սահմանին գտնվող Սալվարդ գյուղի վարչական ղեկավար Մովսես Մարգարյանը:

Սալվարդի դպրոցը 10 աշակերտ ունի։ Վարչական ղեկավարը կարծում է՝ եկող տարվանից կգնան հարևան Աշոտավան, որտեղ կհավաքվեն Հացավան, Թասիկ գյուղերի սովորողները՝ սալվարդցիների հետ միասին։

Այս ամբողջ գործընթացը իշխանությունը բնորոշում է օպտիմալացում, կրթական որակյալ ծառայությունների ապահովում, իսկ ընդդիմությունը՝ դպրոցների փակում, աղետ, որ բերելու է փոքր գյուղերի մահվան։

Մինչև 100 աշակերտ ունեցող 229 դպրոցներից 55-ը սահմանին են։

«Այս ոչ հեռատես քայլով դուք դատարկում եք գյուղերը, բացում եք երկրի թիկունքը, և լուծումը, որը ձեզ թվում է, թե տվել եք կամ գտել եք, ուղղակի աղետալի է», - խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Լավ գիտենք՝ այդ դպրոցների փակման պարագայում ինչպես գյուղերը կդատարկվեն, ու հատկապես սահմանամերձ գյուղերը ինչ խնդրի առաջ կարող են կանգնել», - իր հերթին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Գևորգյանը:

«Հասկանում ե՞ք դուք ինչ եք ասում, գյուղից մարդ կա, ամոթ է: Գնացեք ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք: Եվ բավական է կրթության անունից խոսեն դիլետանտները», - հայտարարեց կրթական ոլորտից խորհրդարան եկած ՔՊ-ական Ռուզաննա Երեմյանը:

Նա ընդդիմադիրներին հակադարձեց դպրոցաշինությանը վերաբերող տվյալներով, ու այն, ինչ անում է Կառավարությունը, աննկարագրելի է խոսքերով: Բայց այդպես էլ չանդրադարձավ հարցին՝ դպրոցներ փակվո՞ւմ են:

Կրթության հանձնաժողովի նախագահի իշխանության թեկնածուն՝ Սիսակ Գաբրիելյանը ի պատասխան ընդդիմադիրների հարցադրման հերքեց, թե կա դպրոցներ փակելու վերաբերյալ փաստաթուղթ, չհերքեց, որ փոքր դպրոցները փակելու քաղաքականություն ունեն. - «15, 20 հոգի աշակերտ ունեցող դպրոցը, որտեղ մի դասարանում նստում է 3-րդ դասարանցին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, դա անվանել դասաժամ՝ կնշանակի, որ մենք խաբում ենք իրար: Դա կրթություն չի, որովհետև կրթությունը մենակ էդ շենքը չի, մենակ էն ուսուցիչը չի, որ գալիս է էդտեղ նստում է։ Նաև միջավայրն է, չէ՞, հասկանո՞ւմ եք՝ դասամիջոցներին իրար հետ կռվելն է, չգիտեմ, սիրահարվելն է»։

Խնդիր չէ, ըստ Սիսակ Գաբրիելյանի, հարևան գյուղեր դասի գնալ։ Պետությունը տրանսպորտով կապահովի կամ ամեն երեխայի հաշվով ծնողին 2 հազար դրամ կտա՝ կգնան-կգան։

«Մեր օրակարգում միշտ եղել է, կա և կլինի՝ էն շենք -շինությունները, որոնց դպրոց դժվար է անվանել, փակել և դրա փոխարեն լավ դպրոցներ կառուցել», - ասաց Կրթության հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Պատգամավոր Գաբրիելյանին չհարցրեցին, ինքն էլ չասաց՝ իսկ ինչո՞ւ են Խոտանանում դպրոցը քանդել, երեխաներին ավելի անհարմար տեղ ուղարկել ու նորն էլ չեն կառուցում։ Փոխարենը՝ գորիսեցի ընդդիմադիր գործընկերոջն առաջարկեց նկատել, թե որքան է փոխվել Գորիսը. - «Ես Գորիսում գնացել եմ, մտել եմ, ժողովուրդ ջան, իտալական ռեստորանում եմ նստել, Գորիսում, պատկերացնում ե՞ք, Գորիս, իտալական ռեստորան»։

Սյունիքն է մի քանի աշակերտ ունեցող դպրոցների թվով առաջատարը։ Մարզի կրթության վարչության պետը վստահեցրեց՝ այս սեպտեմբերին, որևէ դպրոց փակելու ու այլ՝ ավելի մեծ դպրոցի հետ միավորելու որոշում այս պահին չկա։

«Քննարկման փուլում է, դեռ չգիտեն՝ որ դպրոցները պիտի գնան կամ չգնան, այսինքն՝ բոլոր հիմքերը, այդպես չի, որ հենց էնպես որոշեցին, ասեցին՝ «գնացեք», - ասաց Մերի Գանդալյանը:

Մի շարք գյուղերում, սակայն, արդեն լսել են՝ հենց Կառավարությունը հաջողացնի խոստացված կրթական համալիրների կառուցումը, իրենց վերջը կգա։

Վարչության պետը վստահ է՝ ինչ էլ փոխվի, նա «փակել» բառը չի օգտագործում, միայն՝ հանուն երեխաների։ Ի դեպ, հիշում է՝ մարզում դպրոցներ են եղել, որ գործել են նույնիսկ առանց աշակերտների, մինչև մի 4 տարեկանը կդառնա 6 ու կգա դպրոց։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. Ռուբինյանն ու Կարապետյանն զգուշացումներ են ուղղում միմյանցԱհազանգ. մինչև100 աշակերտ ունեցող 229 դպրոց սեպտեմբերից փակվելու է