Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին վաղը կայցելի Թեհրան, իրանական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Ալբուսաիդին կհանդիպի իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։

«Այս այցը համապատասխանում է Իրան-Օման երկկողմ համագործակցության ամրապնդմանը և Հորմուզի նեղուցի ափամերձ պետությունների միջև շարունակական քաղաքական խորհրդակցությունների պահպանմանը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու նպատակով», - ասել է Բաղային։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր Իրանը հիմնականում անանցանելի է պահում համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցը։

Անցյալ շաբաթ Բաղային հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակի շուրջ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են․ «Օմանի հետ բանակցությունները ձգձգվում են՝ հարցի բարդության, բազմաթիվ կողմերի ներգրավվածության և գործընթացը խաթարել փորձող երկրների պատճառով», - ասել էր նա՝ նշելով, որ «կողմերն այժմ մտքեր են փոխանակում համատեղ հայտարարության տեքստի շուրջ»:

Fox News-ի թղթակից Թրեյ Յինգստն էլ նախորդ շաբաթ հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ Օմանի և Իրանի միջև ընթացող զուգահեռ բանակցությունների մասին հարցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է․ «Եթե Օմանը մեզ խանգարի՝ կռմբակոծենք նրանց»։