Օդային տագնապ Լիտվայում՝ Բելառուսից ժամանած թռչող օբյեկտի պատճառով

Լիտվա - Վիլնյուսի օդանավակայանը, արխիվ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի շրջանում այսօր առավոտյան օդային տագնապի դեղին մակարդակ են հայտարարել չճանաչված թռչող օբյեկտի՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքի պատճառով: Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, երկինք են բարձրացել ՆԱՏՕ-ի կործանիչները:

Ավելի ուշ տագնապը չեղյալ է հայտարարվել: Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիմանտաս Վիտկաուսկասը հայտնել է, որ օբյեկտը Լիտվայի օդային տարածք է մտել Բելառուսի կողմից, սակայն նույնականացնել այն դեռ չի հաջողվել:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը փոխանցում է նաև, որ այս գիշեր Մոլդովայի հետ սահմանը հատել են ռուսաստանյան մի քանի անօդաչու թռչող սարքեր: Ինչպես հաղորդել է մոլդովական ոստիկանությունը, դա տեղի է ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ: Մի քանի անօդաչու ընկել և պայթել է Մոլդովայի տարածքում:

Վերջին շաբաթներին անօդաչուները քանիցս խախտել են եվրոպական երկրների օդային սահմանները: Սեպտեմբերին ռուսական անօդաչուները մտել են Լեհաստանի օդային տարածք, որտեղ դրանց մի մասը խոցվել է լեհական և դաշնակից ուժերի կողմից: Իրենց օդային տարածքում ռուսական դրոնների հայտնվելու մասին հաղորդել են նաև Ռումինիայի և Մոլդովայի իշխանությունները: Այդ միջադեպերի ֆոնին ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներն ուժեղացրել են օդային սահմանների հսկողությունը:

Սեպտեմբերի 9-ին Մոլդովայի երկնքում նկատված ռուսական անօդաչուի պատճառով հետաձգվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օդանավի թռիչքը Քիշնևից Օսլո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անօդաչուները մեկ օրում 3 անգամ խախտել են Մոլդովայի օդային տարածքըՌումինիան և Մոլդովան հայտնել են իրենց տարածքներում անօդաչուների կործանման մասինՌուսական ուղղաթիռը հայտնվել է Լեհաստանի օդային տարածքումԼիտվայում խոցված ռուսական անօդաչուում պայթուցիկ է հայտնաբերվելԼեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ին