Զուրաբիշվիլին վստահ է, որ Վրաստանում նոր ընտրություններ են նշանակվելու

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացական "FORMULA" հեռուստաալիքի հետ հարցազրույցում վստահություն է հայտնել, որ երկրում նոր ընտրություններ կանցկացվեն: Նա չի բացառել, որ իշխող «Վրացական երազանքը» այդ ընտրությունները կնշանակի իր նախաձեռնությամբ:

«Ուզեն, թե չուզեն, ընտրությունները կնշանակվեն, և ես չեմ բացառում, որ նրանք («Վրացական երազանքը»- խմբ.) իրենք կնշանակեն դրանք, քանի որ այլ ելք ոչ ոք և ոչ մի տեղ չի մտածել», - ասել է Զուրաբիշվիլին՝ չհստակեցնելով, սակայն, թե արդյոք ինքը որևէ նման հավաստի տեղեկություն ունի, թե ոչ:

Ընդդիմությունը չի ընդունում Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Իշխող ուժը մերժում է նոր ընտրությունների գաղափարը:

Խոսելով արևմտյան գործընկերների կողմից պատժամիջոցների կարևորության մասին ՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը ուղերձներ է ստանում իշխող ուժի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի մերձավորներից, ինչը, նրա կարծիքով, խոսում է այն մասին, որ «Վրացական երազանքի» ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներն աշխատում են:

Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է նաև Թբիլիսիի օդանավակայանում իր հետ տեղի ունեցած միջադեպի վրա, երբ անհայտ անձինք ձվեր էին նետել Վրաստանի հինգերորդ նախագահի վրա: Նա դա անվանել է իրեն վախեցնելու կազմակերպված փորձ: