Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ միջուկային զորավարժությունների շրջանակում Բելառուսում գտնվող հրթիռային բրիգադի դաշտային բազաներ է հասցվել միջուկային զինամթերք։
ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է նաև տեսանյութ, որում, ինչպես պնդում են, ներկայացնում են զինամթերքի տեղափոխման կադրեր։ Տեսանյութում երևում են ռազմական տեխնիկայի շարասյուներ և անձնակազմի նախապատրաստման գործընթացը, նշում է РБК-ն։
Մայիսի 19-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մինչև մայիսի 21-ը անցկացվելու են զորավարժություններ՝ «ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի նախապատրաստման և կիրառման» թեմայով։
Ավելի վաղ այդ զորավարժությունների նախապատրաստման մասին չէր հաղորդվել, սակայն դրանից մեկ օր առաջ Բելառուսի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր ռուս զինվորականների հետ համատեղ Բելառուսի տարածքում միջուկային ուժերի կիրառման «մարզումների» մեկնարկի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ում մեկնարկել են լայնամասշտաբ միջուկային զորավարժություններԻնչպես նշվում էր, զորավարժություններին նախատեսվում էր ներգրավել ավելի քան 64 հազար զինծառայող և շուրջ 7,8 հազար միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 200 հրթիռային կայանք, ավելի քան 140 օդային միջոց, 73 նավ և 13 սուզանավ։
Ռուսաստանի և Բելառուսի ներկայիս համատեղ միջուկային զորավարժությունները երրորդն են այն բանից հետո, երբ Մոսկվան 2023-ին հարևան երկրում տեղակայեց տակտիկական միջուկային զենք։ Ըստ գնահատականների՝ Բելառուսի տարածք են տեղափոխվել տասնյակ միջուկային մարտագլխիկներ։
Բացի այդ, հաղորդվել էր Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համալիրների տեղակայման մասին։