Զոհեր՝ Հյուսիսային Կիպրոսի ափին մոտ նավի շրջվելու հետևանքով․ փրկարարական աշխատանքը շարունակվում է

Փրկարարական աշխատանքները, 30-ը օգոստոսի, 2026թ․

Յոթ մարդ է մահացել, 23-ը համարվում են անհետ կորած Հյուսիսային Կիպրոսի ափին մոտ 267 մարդ տեղափոխող նավի շրջման հետևանքով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է տեղական մամուլը։

Ինքնահռչակ պետության տրանսպորտի նախարար Էրհան Արիկլին թուրքական Anadolu-ին հայտնել է, որ նավի վրա գտնվող 267 անձանցից 259 ուղևորներ էին, ութը՝ անձնակազմի անդամներ։

Anadolu-ն գրում է, որ մասնավոր նավի մեջ Հյուսիսային Կիպրոսի «Կիրենիա» նավահանգստից շարժվելուց անմիջապես հետո, անհայտ պատճառով, սկսել է ջուր լցվել։ Հաղորդվում է, որ նավը շարժվում էր Թուրքիայի «Տասուկու» նավահանգստի ուղղությամբ։

Նախարարի խոսքով՝ ջրից դուրս բերվածները տեղափոխվում են «Կիրենիա» նավահանգիստ, որտեղից էլ բուժհաստատություններ են հասցվում։

Կիրենիայի քաղաքապետ Մուրադ Սենքուլը CNN-ի թուրքական ծառայությանը տեղեկացրել է, որ առայժմ 159 մարդու է հաջողվել դուրս հանել ծովից։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կարմիր փրկաբաճկոններով մարդիկ նստել կամ կանգնել շրջված նավի վրա, մինչ փրկարարական ջոկատները փորձում են օգնության հասնել՝ նրանց ափ դուրս բերելու համար: