20-ամյա զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինը վաղը կտեղափոխվի Արմավիրի մարզի Արտիմետ գյուղ։ Ժամկետային զինծառայողի մարմինն, ըստ մամուլի հրապարակումների, կախված էին գտել Կապանի զորամասում։ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում կարդում ենք՝ այս գիշեր 12:10-ի սահմաններում է հայտնաբերվել զինծառայողի դին։
Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
«Շատ լավ ընտանիք, աշխատող իրանց համար, իրանց հալալ քրտինքով ապրող մարդիկ են», - ասաց Արտիմետի վարչական ղեկավարի Հենրիկ Միրզախանյանը:
Արտիմետի վարչական ղեկավարի խոսքով՝ Արամայիսի ընտանիքն Արցախից է տեղահանվել, հաստատվել են սկզբում Վայքում, հետո եկել Արտիմետ, տան միակ տղան էր, բանակից պիտի հունվարին տուն գար, դեպքից ժամեր առաջ է խոսել հոր հետ։
Ի՞նչ է պատահել, հանելուկ է ընտանիքի համար, Արամայիսի հայրը Արցախյան պատերազմների մասնակից է, սպա, որդին էլ պատրաստակամությամբ է ծառայության մեկնել, երկու անգամ արձակուրդ ստացել, ծնողների մոտ եկել։ Գյուղում ոչ մի վարկած չունեն, լսել են միայն, որ երեկվա սև գիշերը տղան օրապահ է եղել, մարմինը գտել են զորանոցից դուրս։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես այս տարեսկզբից մինչև այժմ վեց զինծառայողի մահվան մասին է հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքումԱյս տարվա վեցերորդ ամսում արդեն 16 զինծառայող է մահացել, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի։
«Մեծամասնությունը ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերն են, ցավոք սրտի», - նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանը:
Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը շեշտում է՝ բանակում մահվան դեպքերի նվազում չկա թեպետ պաշտպանության նախարարը 2026-ը հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին:
«Մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ, արատավոր և քրեածին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը», - հայտարարել է նախարար Սուրեն Պապիկյանը։
«Դրական դինամիկա զինված ուժերում մահվան դեպքերի թվի նվազման ուղղությամբ չի արձանագրվել»
«Ավելին, կարող եմ ասել, որ տոկոսային հարաբերակցությամբ և թվային առումով շարունակում են գերակշռել այս պատճառներով՝ ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերը, ինչին հիմնականում նախորդում են միջանձնային հարաբերությունները, ոչ կանոնադրային հարաբերությունները, զինված ուժերում քրեական վարքերի առկայությունը», - նշեց Մովսեսյանը։
Բոլորովին այս կարծիքին չէ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա համարում է, որ զինված ուժերում կարգապահության հաստատման առումով շոշափելի գործ են արել։ Վերջին շրջանում Պապիկյանը թիմի հետ նախընտրական եռուզեռի մեջ է և քարոզչական առօրյան ընդհատում է միայն զինվորական դեֆիլեով ու նոր սպառազինությամբ հպարտանալու համար։
Իրավապաշտպանները պնդում են՝ եթե շոշափելի աշխատանք է կատարվել, պիտի որ դա երևար, այսինքն՝ մահվան դեպքերի թիվը բանակում պիտի նվազեր։
«Թե որքանով են արդյունավետ, մենք կարող ենք դատել ներկայումս նման պատճառներով մահվան դեպքերի շարունակական արձանագրումից», - ընդգծեց Մովսեսյանը։
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը պատմեց՝ իրենց վերլուծությունների հիման վրա մի շարք առաջարկներ էին ներկայացրել պաշտպանական գերատեսչությանը՝ քրեական բարքերը մեղմելու, միջանձնային հարաբերությունները, զինված ուժերում մթնոլորտը փոխելու համար։
«Հոգեբանների թվի ավելացումը բոլոր զորամասերում, որովհետև գործնականում մենք տեսնում ենք, որ այն զորամասերում, որտեղ չկա սպա հոգեբանի հաստիքը կամ կա, բայց արդյունավետ չի գործում, մենք ունենում ենք միջանձնային հարաբերությունների խնդիրներ, որոնք հանգեցնում են մահվան դեպքերի», - ասաց նա։
Այսօր զորամասերի կեսից քիչ ավելիում միայն հոգեբաններ կան։ Իրավապաշտպանը կարևոր է համարում նաև ներսում դասընթացներ, վերապատրաստումներ անելը մարդու իրավունքների, խտրականության խնդրի վերաբերյալ, վերադաս, ստորադաս կոնֆլիկտը, հովանավորչությունը, սրանք բանակային բարքերի մաս են։
Սուրեն Պապիկյանի հռչակած քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին կիսվել է, մահվան դեպքերի ծանր վիճակագրությունը դեռ չի փոխվում։
Վայքում ծնված ու Արցախում մեծացած Արամայիս Գևորգյանը կհուղարկավորվի Արտիմետում։