Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հավանաբար» կշարունակեն ԱՄՆ-ում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը «հավանաբար» տեղի կունենա Միացյալ Նահանգներում:

Աբու Դաբիում երեկ ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության են եկել 314 ռազմագերիների փոխանակման շուրջ, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։ Սա հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումն էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ազատ արձակված ռազմագերիներից մի քանիսը գերության մեջ են գտնվել գրեթե չորս տարի։

Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը հայտնել է, որ Աբու Դաբիի «քննարկումները կառուցողական էին և կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար»։

Ուիթքոֆը նշել է, որ բանակցությունները «ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը»։

Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձում ասել է, որ Ուկրաինան կողմ է ցանկացած դիվանագիտական ձևաչափի, «որը կարող է իրատեսորեն մոտեցնել խաղաղությունը և դարձնել այն հուսալի, երկարատև և այնպիսին, որը կզրկի Ռուսաստանին պատերազմը շարունակելու ցանկությունից»։ Զելենսկին կրկնել է, որ Ուկրաինան պետք է անվտանգության ամուր երաշխիքներ ստանա, այդ թվում՝ Վաշինգտոնից, որպեսզի Ռուսաստանը կրկին չհարձակվի։

Մոսկվան առաջընթաց ու դրական տեղաշարժ է տեսնում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, որը մասնակցել էր ռուս պաշտոնյաների և Ուիթքոֆի հետ նախկինում կայացած բանակցություններին, ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառումը կախված կլինի բանակցությունների ընթացքից։

Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ առաջընթաց և դրական տեղաշարժ կա։ Նա նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի շրջանակում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են 157 ռազմագերիների։ Կուրսկի մարզից երեք քաղաքացիական անձ նույնպես վերադարձվել է Ռուսաստան։

Գրեթե չորս տարվա պատերազմի ընթացքում երկու կողմից էլ հարյուր հազարավոր զինվորներ են սպանվել, վիրավորվել կամ անհետ կորել։ Զելենսկին այս շաբաթ հայտարարեց, որ մարտի դաշտում զոհվել է մոտ 55,000 ուկրաինացի զինվոր, սակայն մանրամասներ չհայտնեց վիրավոր կամ անհետ կորած ուկրաինացի զինծառայողների թվի մասին։

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը գրեթե 1.2 միլիոն զոհ է տվել։ Մոսկվան հերքել է հրապարակված այս զեկույցը: