Զելենսկին հաստատել է՝ Լիբիայում ռուսական ռազմական և առևտրային նավերին Ուկրաինան է հարվածել

Ռուսական ռազմանավն այրվում է Լիբիայի Բենգազի նավահանգստում, 22-ը նոյեմբերի, 2026թ.

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ուկրաինական ուժերն են Լիբիայի ափերի մոտ հարվածել ռուսական «Մերկուրի» ռազմանավին, ինչպես նաև MV Angara բեռնատար նավին։

Ռազմանավի հետ մեկտեղ, ըստ Վլադիմիր Զելենսկիի, ոչնչացվել է նաև ռուսական «Կա-27» մարտական ուղղաթիռ։

«Ամեն ինչ տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ։ Մեր զինվորները գործի են դրել ուկրաինական արտադրության յոթ ռազմածովային անօդաչու սարք։ Չնայած դրանց հակազդելու թշնամու բոլոր փորձերին՝ ռուսական «Մերկուրի» կորվետը խորտակվել է։ Սա նրանց նորագույն նավերից մեկն է, որը շահագործման է հանձնվել լայնածավալ պատերազմի ընթացքում 2023 թվականին», - գրել է նա։

Զելենսկին հավելել է, որ MV Angara բեռնատար նավն օգտագործվում էր «զենք տեղափոխելու համար»։

«Մերկուրիի» վրա պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ի գիշերը, երբ այն կայանված էր Բենգազիի նավահանգստում: Արևելյան Լիբիայի իշխանությունները հաստատել են նավի կործանման լուրը՝ նշելով, որ այն ուղևորվում էր Ռուսաստան և Բենգազիի նավահանգստում կանգ էր առել՝ սննդի և վառելիքի պաշարները համալրելու նպատակով:

Al Jazeera-ն հայտնում է, որ նավը զենք, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր էր տեղափոխում: Հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ Ռուսաստանի և Լիբիայի քաղաքացիներ: Նավի վրա հարձակման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հայտնի չէ:

Տեղի բնակիչները Al Jazeera-ի աղբյուրներին ասել են, որ տեսել են, թե ինչպես են ծովային երեք անօդաչու սարքեր հարձակվել «Մերկուրիի» վրա: Associated Press-ը երեկ հայտնել էր, որ Լիբիայի արևմուտքում գտնվող ուկրաինական բազայից մի քանի անօդաչու սարք է արձակվել «Մերկուրի» նավի վրա: Դրանցից առնվազն չորսը ոչնչացվել են, իսկ երկուսին հաջողվել է հարվածել նավին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբիայի ափերի մոտ մեկ օրում 2 նավ է հարձակման ենթարկվել

Մեկ օր առաջ էլ ուկրաինական տելեգրամյան մոնիթորինգային ալիքները հաղորդել էին, որ հարձակման է ենթարկվել նաև ռուսական Ascalon նավը, որը Կալինինգրադից ուղևորվում էր Բենգազի։ GeoInsider Osint նախագիծը հայտնել է, որ հոկտեմբերի 15-16-ը Ascalon-ը Կալինինգրադում բեռնվել է ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաներով, ականակայուն զրահատեխնիկայով և զինվորներ տեղափոխելու համար նախատեսված ավտոմեքենաներով:

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ascalon-ը մասնակցում է այսպես կոչված «Սիրիական էքսպրես» նախագծին, որը ռուսական նավահանգիստներից Բոսֆորի նեղուցով Սիրիա մատակարարման երթուղի է։ 2018 թվականին նավը Ռուսաստանից Չինաստան է մատակարարել S-400 զենիթահրթիռային համակարգի համար նախատեսված հրթիռներ։

Angara նավը, որը կառուցվել է Ascalon-ի նույն նախագծով, նույնպես օգտագործվում է զենքի տեղափոխման համար և ԱՄՆ պատժամիջոցների տակ է: Angara-ի վրա հարձակման անկախ հաստատում չկա: