Զելենսկին և Էրդողանը քննարկել են առաջիկա եռակողմ հանդիպումը, հացահատիկի սևծովյան միջանցքը

Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Ստամբուլում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համաձայնության է եկել Սև ծովով հացահատիկի միջանցքի վրա աշխատելու շուրջ:

«Այսօր ես համաձայնության եկա նախագահ Էրդողանի հետ՝ աշխատելու Սև ծովով հացահատիկի միջանցքի վրա: Մեր նպատակն է ապահովել, որ այս միջանցքը մնա տեղում և շարունակի արդյունավետ գործել», - Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին:

Թուրքական գործակալությունը նշում է, որ Անկարան կարևոր դեր է խաղացել 2022-23 թվականներին հացահատիկի սևծովյան առաջին միջանցքը ստեղծելու գործում:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիան սատարում է Սև ծովում անվտանգ նավագնացության ապահովման և Սևծովյան տարածաշրջանում կենսապահովման նորմալ պայմանների վերականգնման ջանքերը:

«Թուրքիան մշտապես աջակցում է մեր ինքնիշխանությունն ապահովելու մեր ջանքերին», - նաև ընդգծել է Զելենսկին:

Նա Ուկրաինային և Թուրքիային որակել է իբրև դաշնակիցներ պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ վստահեցնելով, որ համագործակցությունը շարունակելու է աճել:

«Մենք աշխատում ենք նոր համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների և տնտեսական այլ նախագծերի վրա: Մեր պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ է մտել՝ նոր հնարավորություններ ստեղծելով ուկրաինական և թուրքական գործարար համայնքների համար», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ բարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների արագ իրականացման կոչ անելով:

Զելենսկին հայտնել է նաև, որ Կիևը պատրաստվում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ եռակողմ բանակցություններին, որոնք նախատեսվում են նոյեմբերի առաջին կեսին:

«Մենք նախագահի հետ քննարկեցինք այս ձևաչափի հեռանկարները և այլ հնարավորություններ՝ հատկապես Թուրքիային և մնացյալ Եվրոպային գործընթացում ընդգրկելու, ինչպես նաև այստեղ Թուրքիայում հանդիպումներ անցկացնելու ներուժը», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ընդգծել է, որ «խաղաղության հասնելու համար ուժեղ որոշումներ են պետք», և հորդորել է հստակ ուղերձ հղել Ռուսաստանին բոլոր մակարդակներով, թե խաղաղությանն այլընտրանք չկա, և աջակցությունը Ուկրաինային չի թուլանալու:

Նրա համոզմամբ՝ ապաէսկալացիան հնարավոր է, եթե Ռուսաստանը ստիպված լինի լարվածությունը նվազեցնելու քայլեր ձեռնարկել:

«Երախտապարտ եմ նախագահ Էրդողանին մեր հստակ և էական համագործակցության ու Թուրքիայի պատրաստակամության համար՝ սատարել բոլոր խոստումնալից գաղափարները, որոնք կարող են մեզ մոտեցնել իրական խաղաղությանը և անվտանգությանը», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը:

Սպիտակ տնից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, որ Ուկրաինայի նախագահի Ստամբուլ այցի նախօրեին կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը:

Թուրքիան պարբերաբար իր օժանդակությունն է առաջարկել Ուկրաինայում պատերազմին վերջ տալուն ուղղված բանակցություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին այսօր Ստամբուլում կհանդիպի Էրդողանի հետԹուրքիան նոր՝ E3+R4 ձևաչափով նախարարական հանդիպում է նախաձեռնումՌԴ-ը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովՈւկրաինայի հարցով եռակողմ հանդիպումները կանցկացվեն Աբու Դաբիում նոյեմբերին. ՊեսկովՌուսաստանն իր հացահատիկի արտահանման՝ Սև ծովը շրջանցող ուղիներ է մշակում. Պեսկով