Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին՝ Մինսկը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին, քանի որ Բելառուսի երկու մարզերում տեղակայված է ուկրաինական քաղաքներին ռուսական հարվածները ճշգրտող տեխնիկա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ինչի՞ համար են նրա խոսքերը, թե չի ուզում պատերազմի մեջ լինել: Թող հանի այդ տեխնիկան: Թող անջատի այդ տեխնիկան: Կարծում եմ՝ նրան մեկ շաբաթը բավարար է դա անելու համար: Որովհետև այժմ ամեն օր դրա պատճառով զոհվում են մեր քաղաքացիական մարդիկ, վիրավոր երեխաներ; Եթե նա դա չանի, կանենք մենք», - ասել է Զելենսկին:
Պնդելով, որ Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության օբյեկտների վրա Ուկրաինայի հաջող հարձակումների ֆոնին Բելառուսը դարձել է ռուսական բանակի վառելիքի գլխավոր մատակարարը, Զելենսկին շարունակել է. - «Կարելի՞ է դա կանգնեցնել: Համոզված եմ, որ նա [Լուկաշենկոն] ի վիճակի է դա անել»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Բելառուսի կողմից սպառնալիքի դեպքում Կիևը կանխարգելիչ գործելու հնարավորություն ունի: Նա ընդգծել էր՝ Կիևը հիշում է, որ «2022 թվականին հարձակումը նաև Բելառուսի տարածքից էր», և գիտի՝ «ինչպիսին են սպառնալիքները ու ինչպես դրանց արձագանքել»:
Այս տարվա մայիսին Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը հայտարարեց երկրի հյուսիսում հինգ տարածաշրջաններում անվտանգության միջոցների խստացման մասին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ ամիս առաջ հայտարարել էր, թե իր երկիրը չի պատրաստվում ներքաշվել պատերազմի մեջ, և դա տեղի կունենա միայն իրենց տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում: