Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ակնկալում է, որ Ռուսաստանը Կիևի և այլ քաղաքների վրա ձմեռային եղանակի պատճառով մեկ շաբաթ չկրակելու մասին պայմանավորվածությունը կկատարի, ինչպես հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ «Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա, և նա համաձայնել է դա անել», - ասել է Թրամփը:
Զելենսկին նշել է, որ առաջիկա օրերը ցույց կտան, թե արդյոք Մոսկվան կհետևի այդ պայմանավորվածությանը։
«Մեր թիմերը քննարկել են սա Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մենք ակնկալում ենք, որ այն կիրականացվի», - X-ում գրել է Զելենսկին: «Լարվածության նվազեցման քայլերը նպաստում են պատերազմի ավարտի ուղղությամբ իրական առաջընթացին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Երեկոյան իր տեսաուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին նախաձեռնության համար:
«Շնորհակալություն ամերիկյան կողմին՝ էներգետիկ (թիրախների) վրա հարվածների դադարեցումն ապահովելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար, և հուսանք, որ Ամերիկային կհաջողվի դա ապահովել»,- ասել է Զելենսկին,- շարունակելով.-«Մենք առաջիկա օրերին կտեսնենք, թե ինչպիսին է իրական իրավիճակը մեր էներգետիկ օբյեկտների և քաղաքների հետ կապված»։
Վերջին շաբաթներին Ուկրաինան հայտնում է՝ ռուսական հարվածների հետևանքով տուժում են ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավոր տներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Կիևի քաղաքապետը հայտնել էր՝ ռուսական հարձակումից հետո առանց ջեռուցման են մնացել հազարավոր բազմաբնակարան շենքեր: