Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը երկրի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին կասկածում են պետական դավաճանության մեջ։ Երկու գործակալություններն էլ այս մասին հայտարարել են նոյեմբերի 3-ին։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Մենդելը «զբաղվում է Ուկրաինայի դեմ տեղեկատվական և դիվերսիոն գործունեությամբ»։ Ըստ «Ուկրաինսկա պրավդայի»՝ կասկածի հիմքում ընկած նյութերը ներառում են նրա հրապարակային հայտարարությունները արտասահմանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
«Համալիր հետաքննությունների արդյունքների և համապատասխան փորձագիտական գնահատականների հիման վրա պարզվել է, որ իր հրապարակային հայտարարություններում և սոցիալական ցանցերում գրառումներում Մենդելը վարկաբեկում է Ուկրաինան միջազգային ասպարեզում և արդարացնում Կրեմլի ռեժիմը և մեր պետության դեմ նրա կողմից սկսված լայնածավալ պատերազմը»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բախումներ՝ մերձկիևյան գյուղում. տեղացիները պնդում են՝ Ազգային գվարդիան զինվորներին տանջել է ու պահել նկուղումՈրպես օրինակ՝ մեջբերվում է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը, որտեղ Մենդելը հայտարարել է, որ Ուկրաինայում ժողովրդավարության և խոսքի ազատության պակաս կա։
Հետաքննիչների տվյալներով՝ Յուլիա Մենդելը ներկայումս Ուկրաինայում չէ։ Նա դեռ հրապարակավ չի մեկնաբանել իր հասցեին մեղադրանքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ կիրառեց իր նախկին մամուլի քարտուղարի նկատմամբ։ Որոշումը, ի թիվս այլ բաների, ներառում է Մենդելի Instagram, X և Facebook էջերին Ուկրաինայից մուտքի սահմանափակումը։
Յուլիա Մենդելը Վլադիմիր Զելենսկի մամուլի քարտուղարն է եղել 2019 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսը։