Զելենսկի․ «Ուկրաինան ներկայացրել է պատերազմի դադարեցման իր ծրագիրը»

Ուկրաինան Միացյալ Նահանգների և ԵՄ պաշտոնյաներին է ներկայացրել պատերազմի դադարեցման իր մեկ էջանոց ծրագիրը, որպեսզի նրանք դա փոխանցեն ռուսական կողմին, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Reuters գործակալության տեղեկություններով՝ ծրագրի հիմնական դրույթները վերաբերում են հրադադարի հաստատմանն ու Դոնբասում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերին։ Վերջին դրույթի համաձայն Դոնբասի՝ այս պահին Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում պետք է երրորդ երկրի կողմից կառավարվող ազատ տնտեսական գոտի ստեղծվի։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այս գաղափարի հեղինակն ամերիկյան կողմն է։ Կրեմլը, սակայն, արդեն իսկ մերժել է այս նախաձեռնությունը։

«Դոնբասը Ռուսաստանի տարածք է, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Հազիվ թե որևէ երրորդ կողմ կարող է զբաղվել ռուսաստանյան ռեգիոնի կառավարմամբ», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։