Զելենսկի. «Մոսկվան կայրվի, եթե ռուսական հարվածները շարունակվեն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր առավոտյան Մոսկվայի ուղղությամբ իրականացված զանգվածային օդային հարձակումը Կիևի Պեչորյան մայրավանքի դեմ ռուսական հարձակման պատասխանն էր և զգուշացրել է՝ եթե հարձակումները շարունակվեն, ապա «Մոսկվան կայրվի»։

«Չնայած Մոսկվայի շուրջ գործող ՀՕՊ եռաստիճան համակարգին, մենք ասել էինք, որ կարող ենք հարվածներ հասցնել այնտեղ։ Եթե Պուտինը չի ցանկանում վերջ տալ այս պատերազմին, մենք ևս հանգիստ չենք նստելու և շարունակելու ենք պատասխանել»,- նշել է Զելենսկին։

Գիշերվա ընթացքում տասնյակ անօդաչու սարքեր թիրախավորել են Մոսկվան՝ այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարվածելով Ռուսաստանի մայրաքաղաքի նավթավերամշակման գործարանին։

«Մենք չենք ցանկանում այս պատերազմը, երբեք չենք ցանկացել, և դա բոլորը գիտեն, ինչպես նաև մեր գործընկերները», - ասել է Զելենսկին, հավելելով.- «Բայց եթե Ուկրաինան այրվի, ապա ձեր Մոսկվան էլ կայրվի»։

Երկուշաբթի օրը Ուկրաինայում առնվազն 10 մարդ է զոհվել անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հետևանքով, որի ժամանակ վնասվել է 1000-ամյա Կիև-Պեչերսկի Լավրա վանքը։

Զելենսկին Եվրոպային և Միացյալ Նահանգներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ սահմանելով լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի պաշտպանական և էներգետիկ ոլորտների, ինչպես նաև տնտեսության այլ հատվածների դեմ, որպեսզի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված լինի վերջ տալ պատերազմին։

«Բոլորը պետք է ճնշում գործադրեն Պուտինի վրա՝ ուկրաինացիները, բոլոր եվրոպացիները, ամերիկացիները և ռուսաստանցիները։ Ժամանակն է սթափվել և ճնշում գործադրել իրենց առաջնորդի վրա»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։