«Զայրացնող մտքեր և վրիպումներ». ՔՊ նիստից հետո Հռիփսիմե Հունանյանը հրաժարական տվեց

Ինչպես որ աղմուկով ընտրվեց, այնպես էլ աղմուկով Հռիփսիմե Հունանյանը հեռացավ խորհրդարանի Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Ցավոք սրտի, միանգամից ոչինչի չի լինում, եթե ոչ հանկարծամահությունը», - ասաց նա:

Բուժքույր աշխատած և բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ական Հունանյանին այդ պաշտոնում հաջողվեց մնալ ընդամենը 3 ամիս. «Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն... հոգատարություն է թաքնված էս փոքրիկ կենսագրության ետևում, սեր է թաքնված»:

Հունանյանն, ում չնայած բազմաթիվ քննադատություններին հենց իշխող ՔՊ-ն էր առաջադրել և ընտրել այդ պաշտոնում, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ հրաժարական է տալիս՝ իր հնչեցրած մտքերի և «վրիպումների» պատճառով:

«Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը», - գրել է նա:

Արդյոք Հռիփսիմե Հունանյանն ի՞նքն է որոշում կայացրել առերեսվել սեփական սխալների հետ և հրաժարական տալ՝ ինչպես ինքն է պնդում, թե՞ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համբերության բաժակն է լցվել և նրան հրաժարական են պարտադրել: ՔՊ Վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը վստահեցնում է՝ որոշումը Հունանյանինն է եղել:

Երեկ, սակայն, ՔՊ վարչությունը նիստ է արել, և կադրերից կարելի է ենթադրել, որ հենց երեկվա նիստում էլ քննարկվել է Հռիփսիմե Հունանյանի հարցը, նա, ի դեպ, նույնպես ելույթ է ունեցել: Ընդորում, Հունանյանը ՔՊ վարչության նիստից հետո ոչ միայն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվեց, այլև ինքնաբացարկ հայտնեց ՔՊ համամասնական ցուցակից: Այսինքն, ՔՊ նախընտրական ցուցակում էլ նա այլևս չի լինի:

Այս կտրուկ որոշումներից ուղիղ 2 օր առաջ Հռիփսիմե Հունանյանը հերթական անգամ իր մտքերի պատճառով հայտնվել էր սուր քննադատության թիրախում: Հունվարի 19-ինը թերևս վճռորոշ դարձավ ՔՊ-ական պատգամավորի համար, երբ Հունանյանը խորհրդարանի ամբիոնից տարբերակում դրեց բանակում ծառայող զինվորի և արտերկրի բուհերում սովորող խելացի երիտասարդների միջև:

«Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացման համար», - հայտարարել էր Հունանյանը:

Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց նաև ՔՊ-ի ներսում: Նույն օրը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «2 զինվորի հպարտ մայր» հեշթեգով Ֆեյսբուքում հակադարձեց իր կուսակից կոլեգային՝ հորդորելով հավասարապես արժևորել թե՛ բանակում ծառայողներին և թե՛ բուհում սովորողներին:

Այսօր արդեն նախարար Ավանեսյանը ողջունեց Հռիփսիմե Հունանյանի հրաժարականը. «Կարծում եմ՝ նրա այսօրվա քայլն էլ խոսում է նրա բարձր մարդկային արժեքների մասին, որ անձը շատ պատասխանատու է մոտենում: Այս քայլը, կարծում եմ, իսկապես գնահատանքի արժանի է»:

Իր վիճահարույց հայտարարություններին զուգահեռ Հռիփսիմե Հունանյանը, կարելի է ասել, ընդհանուր առմամբ օրինապահ կուսակցական էր: Նա ամբողջ թափով միացել էր նաև կաթողիկոսի դեմ վարչապետ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, սուր քննադատում ու երբեմն նաև ծաղրում էր Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներւն:

«Գարեգին Բ, էդպես ենք կոչում իրեն, որ սրբերի հետ ընդհանրապես նա կապ չունի, սրբության հետ ընդհանրապես կապ չունի, ես այսօր պատասխանատու հայտարարություն եմ անում, որ ես էլ Սուրբ կույս Հռիփսիմեն եմ ու իմ որդու հայրն էլ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է», - ասել էր նա:

Անցած մեկ տարում ՔՊ-ն արդեն 2-րդ անգամ է սկանդալի ֆոնին հանձնաժողովի նախագահ փոխում: Հռիփսիմե Հունանյանի նախորդը՝ Նարեկ Զեյնալյանը հրաժարական տվեց ու մանդատը վայր դրեց 2024 -ի նոյեմբերին, ըստ մամուլի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարմայանի հետ վիճաբանությունից հետո:

Ո՞վ կլինի խորհրդարանի Առողջապահության հանձնաժողովի հաջորդ նախագահը, դեռ անհայտ է: ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իշխող խմբակցությունը նոր թեկնածուին կորոշի փակ, գաղտնի քվեարկությամբ:

Ափսոսո՞ւմ են, թե՞ ողջունում են Հռիփսիմե Հունանյանի հեռացումը, ում հայտարարությունների պատճառով ՔՊ -ն հաճախ էր հայտնվում քննադատության թիրախում: Իշխանական Հասմիկ Հակոբյանը հրաժարվեց կոնկրետ պատասխան տալ, ասելով, թե աշխարհացունց բան չի եղել, հանձնաժողովի նախագահները գալիս ու գնում են: