Զախարովա. «Ռուս հասարակությունը չի ընդունում Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմի հետ սիրախաղը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս հասարակությունը կտրականապես չի ընդունում Ուկրաինայում «նեոնացիստական ռեժիմի հետ սիրախաղը, հատկապես եթե դա գալիս է գործընկերների և դաշնակիցների կողմից»։

Այսպես նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որտեղ նա խոսել էր իր երկրի՝ հետխորհրդային երկրների «անկախության» գործում ունեցած ներդրման մասին։

Զելենսկին նաև հայտարարել էր Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին և ընդգծել, որ Հայաստանի հետ շփումները վերականգնվում են «երկարատև դադարից հետո՝ առաջին անգամ»։

«Բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է պետք ընդունել ուկրաինական խունտայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել քաղաքականացված, այսպես կոչված, հավաքների և նրանց հնարավորություն տալ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու։ Լուռ հետևե՞լ դրան կամ երես թեքե՞լ, ձևացնել, թե ոչինչ չես լսել ու չես տեսել։ Ուստի սա հարց է բոլոր նրանց, ովքեր այդպես են վարվում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ շարունակելով.

«Ես կասեի՝ պետք է թողնել նրանց խղճին, բայց մենք դա չենք թողնի։ Չենք ձևացնի, թե այս ամենը չենք նկատում։ Նրանք պետք է լիովին գիտակցեն, թե ինչ ռիսկեր է պարունակում նման քաղաքականությունը, այդ թվում՝ մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: