Ըստ որդեկորույս ծնողների՝ Փաշինյանը խոստովանեց, որ «երեխաներին դիտավորյալ տարել է սպանդի»

Վարչապետի խոսքերն Ազգային ժողովի ամբիոնից որդեկորույս Գայանե Արզումանյանին ցնցել են: Նա Փաշինյանի կառավարման օրոք պայթած պատերազմում իր 20-ամյա որդուն է կորցրել:

«Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Ինքը պարզ տեքստով ասում է, որ «այո, ես դիտավորյալ տարել եմ ձեր երեխաներին սպանդի: Ես ուզում եմ դիմել մեր 5 հազար և ավելի ծնողներին՝ ծնողնե՛ր ջան, սա էլ որերորդ անգամն է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դիտավորյալ տարել է սպանդի, ինչքա՞ն պետք է լռենք, - նշում է Գայանե Արզումանյանը, - Ամեն անգամ մեր թաց վերքի վրա աղ է լցնում ու այս հայտարարություններով մեզ տանում խելագարության»:

Իսկ այդ գիտակցված զոհողության գնով ի՞նչ անկախություն ու պետություն է ձեռք բերել Փաշինյանը՝ այսօրվա Հայաստա՞նը, որի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները դիրքեր են կառուցում, վարչապետին հարցնում է որդուն կորցրած մայրը. «Պարտության տարած ղեկավարը խոսում է անկախությունից, պետականությունից»

Գայանեի որդին՝ Հակոբ Եղիազարյանը, զորացրվելուց երեք ամիս առաջ է զոհվել Շուշիում: Մարմինը գտել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ամիսներ անց:

«Ինքը դրանից հետո բազմաթիվ անգամ հայտարարել է, որ գիտեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Բա որ Ադրբեջանի մաս էր, մեր տղաներին ինչո՞ւ տարար Արցախ, ինչո՞ւ տարար զոհելու», - շեշտում է Գայանե Արզումանյանը:

Փաշինյանի երեկվա հայտարարությունը հանցագործության մասին ինքնախոստովանություն է, ասում են զոհվածների ծնողներն ու հարազատները: Այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրին Գլխավոր դատախազություն: Փաստաբան Վահան Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ վարչապետի այս հայտարարությունը հանցագործություն է քրեական օրենսգրքի երկու հոդվածով:

«Պետական դավաճանություն, որը դրսևորվում է թշնամուն օգնություն ցույց տալով, դիտավորյալ գործողություններով և երկրորդը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այսինքն՝ պատերազմի ընթացքում դիտավորյալ այնպիսի գործողություններ կատարել, որոնք հանգեցնում են սպանությունների, խոշտանգումների և այլն», - նշեց Հովհաննիսյանը:

Գլխավոր դատախազությունից ակնկալիքներ չունեն, որ Փաշինյանին մեղադրանք կառաջադրեն, բայց ասում են՝ հանգիստ նստել էլ չեն կարող, պետք է պայքարել. «Պետք է ինքը և իր կողքի կանգնածները օրենքի առաջ պատասխան տան, դատվեն»:

Սա Փաշինյանի միակ հայտարարությունը չէ, որ որդեկորույս ծնողներին Գլխավոր դատախազության դուռն է հասցրել: Երեք տարի առաջ էլ մեկ այլ հայտարարության համար էին պահանջում, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկեն:

«Այսինքն՝ կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի», - տարիներ առաջ ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Պատերազմում զոհված ժամկետային Հայկ Մկրտչյանի մայրը չի զարմացել Փաշինյանի վերջին ելույթից: Նրան վախեցնում են ապագայի մասին Փաշինյանի խոստումները:

«Փորձում են վախ տարածել, որ եթե իրենց չընտրի ժողովուրդը, ուրեմն պատերազմ է լինելու, բայց չեն ասում էլի, որ եթե իրենք ընտրվեն՝ ինչ է լինելու. պետություն չենք ունենալու», - ասաց նա: