Ընտրությունների արդյունքների մասին գրառումից հետո՝ ազատման դիմում Կիրանցում

Սահմանամերձ Կիրանցում ֆեյսբուքյան գրառումը աշխատանքից ազատման պատճառ է դարձել:

Գյուղապետարանի աշխատակից Գոհար Վարդանյանն ասում է՝ իրեն հարկադրել են ազատման դիմում գրել՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ սոցիալական ցանցում արած գրառումից հետո:

«Քանի որ հրապարակել էի ընտրությունների համար, թե ոնց է ձևավորվել էդ արդյունքները, պահանջեցին, որ ջնջեմ, ես չեմ ջնջել»,- պատմում է Գոհար Վարդանյանը:

Հունիսի 10-ով թվագրված դիմումի մեջ Գոհար Վարդանյանը որպես աշխատանքից հեռանալու պատճառ նշել է՝ «Այլևս չեմ կարող լինել այս բարոյապես քայքայված համակարգի մի մասը, որը ոտնահարում է իմ ազատ խոսքի իրավունքը»:

Գոհարը, որ նախկինում էլ հաճախ է իշխանությունների հասցեին քննադատություններ հնչեցրել, սահմանազատման մասին պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել, ասում է՝ այս անգամ իրեն չներեցին, ինքն էլ՝ համայնքային աշխատանքը թողնելու պահանջին չկարողացավ դիմադրել:

«Քննարկվել է, ես գիտեմ, էլի ուզեցել են հանել աշխատանքից, բայց, երևի, էս էն աներելինն էր իրանց կողմից: Քանի անգամ քննարկվել է, որ ինձ պետք է գործից հանեն ու վստահ եմ եղել, որ եթե հաղթի իշխանությունը, կա՛մ կհանեն ինձ աշխատանքից, կա՛մ կստեղծեն նպաստավոր պայմաններ, որ ես իմ կամքով դուրս գամ աշխատանքից»,-ասում է Գոհար Վարդանյանը:

Գոհարը հունիսի 7-ի ընտրությունների հաջորդ օրը ֆեյսբուքում հակադարձել էր հրապարակային ամոթանքներին, թե այդ ինչպես է իշխող «Քաղաքացիական Պայմանագիրը» 55 տոկոս ստացել Կիրանցում, որտեղ երկու տարի առաջ բողոքի ակցիաներով ուղեկցված սահմանազատումից հետո որոշ տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան:

Կիրանցի գյուղապետարանի աշխատակիցը, որ քվեարկության ողջ օրը նաև գյուղի միակ ընտրատեղամասում է եղել, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե այդ ձայները միայն գյուղի բնակիչները չեն տվել: Կոնկրետ թվեր էր բերել՝ փաստելու, որ քվեարկածների մի մասը սահմանապահներ են, զինծառայողներ ու այդ օրը գյուղում գտնված այլ անձինք, որոնց քվեարկությունը էականորեն փոխել է պատկերը:

«Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողները, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։ Սիրելի իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեր համար կարևորն այն է, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե իրականում ինչ են մտածում ու զգում այս մարդիկ։ Սիրելի ընդդիմադիր մարդիկ, դադարեցրեք հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ և փորձեք խնդիրները փնտրել այլ տեղ»,- այս գրառումից ժամեր անց, ըստ Գոհար Վարդանյանի, իրենից պահանջել են ջնջել այն: Մերժում ստանալուց հետո զանգն արդեն ազատման դիմումի պահանջով է եղել: Ո՞վ և ինչի՞ հետ համաձայն չի եղել կամ գրառման որ մասն են խնդրահարույց համարել:

«Կարծում եմ, որ խնդրահարույցն այն էր, որ... իրենց նպատակը ցույց տալն էր, որ ինչպես մնացած սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ նաև Կիրանցում մարդիկ գոհ են, ամեն ինչ լավ է, և գնացել են ընտրել իշխանություններին, իսկ իմ հրապարակումը, դրա հակառակն էր ցույց տալիս, որ բացի կիրանցեցիներից, Կիրանցում քվեարկել են նաև այլ մարդիկ»,- ասաց Գոհար Վարդանյանը:

Ընտրությունների հրապարակված արդյունքների համաձայն Կիրանցում 307 մարդ է քվեարկել, որից 62-ը՝ այսինքն 20 տոկոսը՝ լրացուցիչ ցուցակներով: Քվեարկածների 55 տոկոսն իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագրին»: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանն» այստեղ 46 քվե է ստացել, «Հայաստան» դաշինքը՝ 30, մյուս կուսակցությունները կա՛մ ձայն չեն ստացել, կա՛մ՝ մինչև մեկ տասնյակի են հասնում: Գոհարի համոզմամբ՝ եթե միայն տեղացիները քվեարկեին, ՔՊ-ն այստեղ մեծամասնություն չէր ստանա, ասաց.- «Ես վստահ եմ, որ գյուղում եղել են մարդիկ, ովքեր ընտրել են ՔՊ-ին, դա նորմալ է, իրենց իրավունքն է, բայց իմ ասելիքն այն էր, որ սխալ է էն պատկերը, որ կիրանցեցիների 55 տոկոսն ընտրել է ՔՊ-ին։ Ես շփվում եմ մարդկանց հետ, իմ հետ անկեղծ են, վստահում են ու ցույց տալ, որ կիրանցեցիների 55 տոկոսն ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սխալ է»:

Գոհարը հաստատեց, որ ընտրություններին վերաբերող իր գրառումից հետո ազատման դիմում է գրել նաև իր անմիջական ղեկավարը, բայց հրաժարվեց պատասխանել «Ազատության» ճշգրտող հարցին՝ արդյո՞ք անմիջական ղեկավար ասելով Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին նկատի ունի: Հրաժարվեց պատասխանել նաև, թե կոնկրետ ովքեր են իրեն գրառումը հեռացնելու կամ աշխատանքից ազատվելու պահանջ դրել՝ Իջևանի համայնքապետարանից, մարզպետարանից, թե՞ այլ կառույցներից:

Երեք օր է անցել, ինչ Կիրանցի գյուղապետարանի երկրորդ կարգի մասնագետ Գոհար Վարդանյանն ու իր ղեկավարն ազատման դիմում են գրել: Դեռ համայնքապետարանը չի արձագանքել, նրանց չեն ազատել: «Ազատությունը» փորձեց ճշտել՝ պատրաստվո՞ւմ են մակագրել այդ դիմումները, և ինչպես են համայնքապետարանում բացատրում աշխատանքից ազատման պահանջը։ ՔՊ-ական քաղաքապետ Արթուր Ճաղարյանն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: