Ընտրատարածքային հանձնաժողովը կդիմի դատարան՝ ՔՊ-ական թեկնածուի գրանցումը չեղարկելու համար

Սպիտակի գործող քաղաքապետ, ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանը, արխիվ

Ընտրատարածքային հանձնաժողովը դատարան կդիմի՝ Սպիտակի գործող քաղաքապետ, ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու համար։ Պատճառը մրցակից ուժի ցուցակում հայտնված ենթականերին աշխատանքից հեռացնելն է։

Հանձնաժողովում սա որակել են ոչ միայն ընտրական օրենսդրության պահանջների խախտում, այլև հոգեբանական ճնշում և «մրցակիցների նկատմամբ առավելություն ստանալու փորձ», ինչը «կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:

«Թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գործողությունները կարող են ունենալ ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև հոգեբանական ազդեցություն, այդ թվում՝ ճնշում գործադրելով՝ նպատակ ունենալով որոշակի քաղաքական վարքագիծ պարտադրելուն, ինչը ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ կարող է ունենալ ուղիղ ազդեցություն։ Նման հանգամանքները կարող են առաջացնել ոչ միայն ընտրական օրենսդրության խախտումներ, այլև պարունակել քրեաիրավական բնույթի հատկանիշներ», - հայտարարեցին հանձնաժողովում։

Քաղաքապետարանում սա ոչ թե քաղաքական հաշվեհարդար, այլ սովորական կադրային փոփոխություն էին համարել, չնայած, որ համայնքապետի տեղակալն ու երեք վարչական ղեկավարները պաշտոնանկ էին արվել հենց այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նրանք ևս ընտրապայքարի են մտել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով։ Մինչ այդ էլ նրանց արգելվել էր արձակուրդ գնալ՝ ծանրաբեռնված աշխատանքի պատճառաբանությամբ, թեև օրենքն այլ կերպ թույլ չի տալիս մասնակցել քարոզարշավին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպիտակում քաղաքական հաշվեհարդար չէ, այլ՝ կադրային փոփոխություն, վստահեցնում են համայնքապետարանից

«Պաշտոնական անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումները, հատկապես եթե դրանք սկսում են ընտրական գործընթացի որևէ փուլում չեն կարող պարբերաբար դիտարկվել որպես ընտրական գործընթացից անկախ սովորական կադրային քաղաքականության իրականացում կամ որոշումների ընդունում», - հայտարարում է Ընտրատարածքային հանձնաժողովը:

Ահազանգ՝ վարչական ռեսուրսի այլ չարաշահման մասին

Մինչ դատարանը կզբաղվի այս աննախադեպ գործով, մրցակիցները ահազանգում են վարչական ռեսուրսի այլ չարաշահման մասին։ Երկու օրից մշակույթի տանը անվճար ներկայացում է՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան։ Համայնքապետարանի և իշխող թիմի էջերում հատուկ շեշտվում է՝ ծախսերը հոգում է համայնքային բյուջեն, բայց նախաձեռնությունը անձամբ Քաջայր Նիկողոսյանինն է։

Մշակույթի տան տնօրեն Աննա Աջամյանը, որը նաև ՔՊ ցուցակի 6-րդ համարն է, այստեղ խնդիր չի տեսնում․ սա, ըստ նրա, պարզապես գեղեցիկ ժեստ է երիտասարդներին ու նվեր՝ համայնքապետի նախաձեռնությամբ։

«Գեղեցիկ ժեստ է երիտասարդներին: Անցած տարի լրիվ այլ նախաձեռնությամբ, լրիվ ուրիշ միջոցառում ենք արել, լրիվ ուրիշ ֆորմատով», - ասաց Աջամյանը:

Նախորդ տարիներին, մինչդեռ, նոյեմբերի 17-ը Սպիտակում անցել է անաղմուկ՝ ընդամենը համայնքապետարանի էջի համեստ շնորհավորանքով։ Բայց այս տարի տոնը համընկել է քարոզարշավի հետ, ու հանրային միջոցներով կազմակերպված միջոցառումը ներկայացվում է որպես ՔՊ-ական թեկնածուի անձնական նախաձեռնությունը։

Աննա Աջամյանը պնդեց. «Նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»:

Նիկողոսյանն ընտրատարածքայինի այսօրվա որոշումը բողոքարկելու համար երեք օր ունի, բայց նրա կողմնակիցները դեռ փակագծեր չեն բացում:

Մինչ պարզ կդառնա՝ ինչպես կզարգանան իրադարձությունները իշխող թիմի համար, քաղաքապետն ակտիվ քարոզարշավի մեջ է: Օրեր առաջ նա համոզված էր, որ նոյեմբերի 29-ին անկասկած հաղթելու է։ «Ազատության» հարցերին այդպես էլ չպատասխանեց, միայն վստահեցրեց՝ իրեն ոչինչ չի կանգնեցնի։