Ընդդիմությունը զգուշացնում է «լուրջ հետևանքների» և «ճակատագրական» իրադարձությունների մասին

Մինչ իշխանությունը, քրեական գործերը մատնացույց անելով, ընդդիմությանն է մեղադրում ընտրական հանցագործությունների մեջ, ընդդիմությունն էլ իր հերթին իշխող ՔՊ-ին է զգուշացնում՝ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն իր վերտադրությունն ապահովելու նպատակով դիմի ընտրախախտումների:

Նախօրեին Փաշինյանի առանցքային մրցակիցներից «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանելով հարցին, թե արդյոք պատրա՞ստ են հետընտրական փողոցային պայքարի, պնդել էր, թե հունիսի 7-ի ընտրություններում իրենց հաղթանակն ապահովված է և իշխանությունը ոչինչ անել չի կարողանալու, բայց եթե փորձի, կլինեն լուրջ հետևանքներ:

«Բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս... մենք լավ տիրապետում ենք իրավիճակին, և հույսով եմ ընտրության օր կունենանք մեր ուզած բացարձակ հաղթանակը, նույնիսկ առանց կոալիցիաների: Վստահ եղեք, որ մենք հաղթելու ենք, իրենք ոչ մի բան չեն կարողանալու անել, իրենք 10 ամիս է՝ ամեն ինչ անում են, ոչ մի բան չի հաջողվում: Իսկ եթե հանկարծ գնան այդպիսի խեղկատակ քայլերի, դա ունենալու է իր լուրջ հետևանքները», - ասել է Կարապետյանը:

Հնարավոր հետընտրական իրադարձությունների մասին նախօրեին զգուշացրել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը, սակայն, չէր մանրամասնել, թե ինչ «ճակատագրական» հետևանքների մասին է խոսում: ՀԱԿ-ը նույնպես մասնակցում է հունիսի 7-ի ընտրություններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:

«Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար», - նշել է Տեր-Պետրոսյանը:

Ընտրապայքարի մեջ մտած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը նույնպես չի բացառում, որ վարչապետ Փաշինյանը, եթե տեսնի, որ ընտրություններում չունի ժողովրդի աջակցությունը, թե՛ նախընտրական փուլում, և թե՛ բուն ընտրությունների օրը, կարող է դիմել ընտրախախտումների: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցնում է՝ պատրաստ են բոլոր զարգացումներին:

«Երբ Փաշինյանը տեսնի, որ արդար ընտրություններով չի կարողանում վերարտադրվել, համոզված եմ, որ ինքը կփորձի գնալ իշխանազավթման, պետական հեղաշրջման, բայց ընտրողները, ժողովուրդը պատրաստ պետք է լինի իր քվեին տեր կանգնել», - ասաց Խաչատրյանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև որոշեց չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, սակայն խոստացել է ակտիվ ներգրավված լինել ընտրական գործընթացներում, այդ թվում՝ հետընտրական պայքարում՝ թույլ չտալով գործող իշխանությանը «անընդունելի մեթոդներով վերընտրվել»:

«Եթե գործող ռեժիմն անհավասար պայմաններում վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու անընդունելի մեթոդներով դարձյալ կզավթի իշխանությունը, Հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում», - հայտարարեց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի առաջնորդած խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանն այսօր էլ վերահաստատեց՝ կանխելու են Փաշինյանի վերարտադրությունը:

«Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենաուժեղ տղան չի, վաղ թե ուշ գնալու է, - ասաց Մամիջանյանը և նշեց, - Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի պահի իշխանությունը, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք: Դա կլինի փողոցային խաղաղ ակցիաներով՝ օրենքի կողմից թույլատրված, նախընտրական թե հետընտրական, դա կարևոր չէ»:

Իշխանականներն այսօր զերծ մնացին ընդդիմադիրներին արձագանքելուց, ավելի վաղ վարչապետ Փաշինյանը բազմիցս վստահեցրել է՝ ընտրակեղծիքների էջը Հայաստանում փակված է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայտնի է, թե ընտրություններին մասնակցող որ ուժը քվեաթերթիկում որ համարի ներքո կլինիԿԸՀ-ն մերժեց Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածուԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է«ԴՈԳԸ», Քենիայի «նախկին փոխոստիկանապետը», Երևանի նախկին քաղաքապետն ու նախկին օմբուդսմենը. ովքե՞ր են ընտրություններին մասնակցող 19 ուժերը