Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի, վստահեցնում է Սամվել Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ասուլիսը, Երևան, 22-ը մայիսի, 2026թ.

«Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք», - այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի, լրագրողների հետ զրույցում ասում էր Կարապետյանը՝ փաստորեն չբացառելով հետընտրական իրադարձությունները:

Ընդդիմության շրջանում խուզարկությունները նա «իշխանության ներքին ցնցումների արդյունք» է համարում, որովհետև, պնդեց, ընտրարշավը ցույց է տալիս, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, «հույսը դրել են ճնշումների վրա»:

«Ժողովրդի հերոսը ի՞նչ է դառել՝ չի կարողանում փողոցում քայլել, հարձակվում է մարդկանց վրա: Դա ի՞նչն է՝ որ արդեն ինքը հասկանում է, որ ինքը չկա, Հայաստանի իրականության մեջ որպես ղեկավար ինքը գոյություն չունի, ինչքան էլ ստիպի, վախեցնի: Վախը ի՞նչ է՝ զսպանակ, ինքը կարող է սղմել, սղմել, սղմել, բայց մի օր տալու ա գլուխը ջարդի», - պնդեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

Տնային կալանքի տակ գտնվող և լրագրողներին իր առանձնատանը հանդիպած Կարապետյանը շարունակեց պնդել, որ այս իշխանության օրոք Հայաստանը կլցվի ադրբեջանցիներով: Ըստ նրա ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման օրոք Հայաստան գալ ցանկացող 300 հազար ադրբեջանցիների վերադարձը կդառնա իրականություն: Ինչն այսօր դարձյալ հերքել է վարչապետ Փաշինյան:

«Տալի՞ս եք երաշխիքներ, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիները չեն բնակեցվելու Հայաստանում», - ճեպազրույցի ժամանակ լրագրողի այս հարցին Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր. - «Տալիս եմ երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանության ... այսինքն չէ, հենց մեր իշխանության օրոք, տալիս եմ երաշխիքներ, այո»:

«Ինչո՞վ է երաշխավորում: Ինքը երաշխավորեց Արցախին, և տեսանք ինչ եղավ Արցախի հետ», - հակադարձեց Սամվել Կարապետյանը:

Հայտարարեց՝ իշխանության գալու դեպքում իր ուժը առաջին իսկ օրենքով կանխելու է, որ ադրբեջանցիները զրկվեն Հայաստանում գույք ու հող ունենալու հնարավորությունից: «Հակասաֆարովների» մասին օրենք. ասաց՝ այդպես է նախագիծը կոչվելու: Գործող կարգավորումներով՝ օտարերկրյա քաղաքացիները հող չեն կարող գնել Հայաստանում:

Ասում էր՝ եթե Հայաստանի շահերին չվնասող փաստաթուղթ եղավ, իշխանության գալու դեպքում առաջնորդվելու են դրանով, եթե անգամ Փաշինյանն է ստորագրել, եթե՝ վնասող, վերաբանակցելու են:

Միլիարդատերը կողմ է նախկին նախագահների հետ խորհրդակցել երկրի անվտանգության հարցերում, տնտեսության զարգացման՝ ոչ: Փաշինյանին էլ է հարցնելու՝ ի՞նչ է կատարվել:

Ալիևի խնդիրներն էր աշխարհում խոստանում ավելացնել. - «Իմ պատասխանը Ադրբեջանին՝ Փաշինյանի հեռացումն է: Իրեն փոխելու դեպքում Ալիևի ախորժակները միանգամից այստեղ են իջնելու»:

Նաև ժամանակակից բանակ էր խոստանում, իսկ բանակում ժամկետային զինծառայությունը՝ մեկ տարով: Այս թեմայով էլ ՔՊ-ից կարծիք է հնչում, թե իշխանության գալու դեպքում Կարապետյանի ուժը ժամկետային զինծառայությունը մտադիր է այսօրվա մեկուկեսից կրկին երկու տարի դարձնել:

«Ինձ ոչ ոք չի ուղարկել». - Ռուսաստանում կարողությունը կուտակած Սամվել Կարապետյանը պնդում էր, թե ինքը Մոսկվայի դրածոն չէ, ինչպես հայտարարում է իշխանությունը: Ռուսական The Insider կայքն էր պնդել, թե «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից է: Իշխանությունն այս տեղեկությունն ակտիվորեն տարածում է, Կարապետյանը՝ հերքում:

Ի դեպ, գործարարի թիմից ասում են՝ դատական հայցերը պատրաստվում են, այդ թվում՝ թե՛ «գործակալ», թե՛ եղբոորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու լուրեր տարածողների դեմ:

Ինքն էլ կասկածում է, որ Փաշինյանն է Ռուսաստանի գործակալ, կամ՝ Ադրբեջանի, կամ՝ Թուրքիայի, ինչպես ասում էր:

«Ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա: Հաստատ Ռուսաստանում ոչ մի խոսակցություն իմ հետ չի եղել ոչ մի անգամ: Երևի խոսակցություն որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի յոթ ամիս պահել ԱԱԾ-ի պադվալում՝ ամենածանր պայմաններում», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

Սամվել Կարապետյանն այսօր պնդում էր՝ մինչև ձերբակալությունը բարձր մակարդակով իրեն գործարք է առաջարկվել՝ եկեղեցուն չպաշտպանելու մասին հայտարարություն անել, «դրանից հետո էլեկտրական ցանցերը ու ամեն ինչը հետ է վերադարձվում», ինքը չի ընդունել առաջարկությունը:

Ըստ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարի՝ իր կալանավորումից հետո արդեն Մոսկվայի ընկերների միջոցով նաև առաջարկ է եղել՝ քաղաքականություն չմտնելու մասին հայտարարություն անել, ու ինքը կազատվի: Թե կոնկրետ ո՞ւմ կողմից են եղել այդ առաջարկները, Կարապետյանն այսօրվա ասուլիսի ընթացքում չմանրամասնեց, անուններ չտվեց:

Նա էլ իր առաջարկն ուներ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամներին. վրեժխնդիր չեն լինելու, ով ունի մաքուր ձեռքեր և արհեստավարժ է, իր իշխանության դեպքում մի բան էլ պաշտոնի բարձրացում կունենա:

Իսկ որ ընտրության ընդհանրապես չեն հասնի, չէր հավատում, օրինակ՝ անհավանական էր համարում, որ իշխանությունը կարող է իրենց ուժի գրանցումը չեղարկելու սցենարով գնալ, քանի որ դա նրանց լեգիտիմությունը կդնի կասկածի տակ:

«Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող ընտրակաշառքի ու ընտրական այլ հանցագործությունների մեղադրանքներով տասնյակից ավելի գործեր կան:

«Ես նույնիսկ վստահ եմ, որ իրենք ինչ-որ կարողանում են ներդնել մեր ակտիվիստների շարքում իրենց մարդկանց, հետո իրենց մարդկանց ձայնագրում են, տանում նստցնում են», - պնդեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

Կարապետյանն ասում էր՝ չի վիրավորվում իշխանության կնքած «կալուգացի» մականունից. - «Տաշիրի Սամո էլ են ասում, Կալուգայի Սամո էլ են ասում՝ դա հարգանք է, որ թե ինչ-որ վատ բան»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ես, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-շնիկ չեմ տեսել. Սամվել ԿարապետյանԸնդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանի պնդմամբ՝ ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնումԻրավապահները կրկին հայտնում են՝ «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանել, կան ձերբակալվածներՊատերազմի եռագլուխ կուսակցությունից՝ լրտեսական եռագլուխ կուսակցություն. Փաշինյանի քարոզարշավը Լոռիում«Եթե Քննչականը 24 ժամում չհերքի հաղորդագրությունը՝ դատի կտանք». Նարեկ Կարապետյան«Փողոցում վազվզում է խելագար». Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Նիկոլ ՓաշինյանինՌԴ քաղաքացի՞ է, թե՝ ոչ. Ալեն Սիմոնյանը պնդում է, Նարեկ Կարապետյանը՝ հերքում «Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը վտանգ է». Նարեկ Կարապետյան