Ընդդիմության ներկայացուցիչները ՍԴ նիստում ևս բարձրացրեցին Սաֆարյանի անաչառության հարցը

Սահմանադրական դատարանի նիստը, Երևան, 29-ը հունիսի, 2026թ.

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման չորրորդ օրը դիմումատուների ներկայացուցիչները հայտարարեցին՝ հիմքեր ունեն բարձրացնելու դատավոր Սեդա Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու հարցը:

«Խնդրում եմ՝ այսուհետ, և մի անգամ էլ եմ խնդրում՝ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի, քաղաքական ուժերից երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո», - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը:

Այս հայտարարությանը նախորդել էր դատավորի հարցը: Սաֆարյանը հարցն ուղղեց այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական մրցակից երեք ուժերին՝ «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին, «Ուժեղ Հայաստան»-ին. - «Ընտրություններից առաջ, շատ ավելի առաջ նաև, Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:

Սեդա Սաֆարյանը հարցրեց՝ ինչո՞ւ է իր այս նշած գործոնը դուրս մնացել ընդդիմադիրների դիմումներից: Սա այն դեպքում, երբ այս ընդդիմադիրներն իրենց դիմումներում ընտրական արդյունքի վրա որպես ազդեցություն ներկայացրել են արևմտյան երկրների ղեկավարների՝ վարչապետ Փաշինյանին աջակցող հայտարարությունները:

Ի պատասխան՝ փաստաբան Օրբելյանը նշեց՝ այդ ինքն է իր դիմումում դրսի աջակցության մասին ներկայացրել, և դա մեկ դեպք է, որն առնչվում է հենց իշխող ուժին. - «Երկու օտարերկրյա պետությունների նախագահներ, որոնք իրավունք չունեն՝ ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ ընտրական իրավունքի լույսի ներքո, մասնակցել Հայաստանի Հանրապետության նախընտրական ... Ձեր հարցին պատասխանում եմ: Ինչի՞ չի տեղ գտել, նկարագրում եմ՝ ինչն է տեղ գտել»:

Արամ Օրբելյանին, սակայն, թույլ չտվեցին ավարտին հասցնել իր միտքը: Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը ընդհատեց և պարզաբանեց, թե Սեդա Սաֆարյանի հարցը կոնկրետ երկրի ազդեցության մասին էր:

Սաֆարյանն այնուհետև նմանատիպ հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին. - «Որ մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով՝ այս միտքը ինչպիսի՞ ազդեցություն կարող էր թողնել, կամ ազդեցություն կարող է՞ր թողնել Հայաստանի ընտրողի վրա, թե՞ ոչ»:

«Սա քաղաքական բնույթի հարցադրո՞ւմ է, թե՞ իրավական». - և մինչ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը փորձում էր պարզել Սեդա Սաֆարյանի հարցի բնույթը, ՍԴ նախագահը հորդորում էր ուղիղ պատասխանել հարցին:

«Բարձր դատարան, պատասխանի շրջանակներում մի քանի հանգամանք էլ նշելու եմ, այդ թվում դիմում-առաջարկություն եմ ներկայացնելու Բարձր դատարան: Դիմումի շրջանակներում վկայակոչե՞լ ենք ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որում ուղիղ հասցեական եղել է Նիկոլ Փաշինյանին աջակցելը», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը:

Վարդևանյանը հայտարարեց՝ տպավորություն ստացան, որ դատավոր Սաֆարյանի այս հարցը հակափաստարկ էր, որը կարող էր ներկայացնել, օրինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Այս վարքագիծը կանխակալության ու անաչառության հարց է բարձրացնում, նկատեց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը: Քննարկումն այսքանով ավարտվեց, Սեդա Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու հարցին այլևս անդրադարձ չեղավ:

Նախքան դատաքննության մեկնարկը Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու դիմում ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ պնդելով, որ նա կողմնակալ է: Սաֆարյանն այս պնդումներին չէր արձագանքել, իսկ նրա գործընկերները նրա մասնակցության հարցը քննել և որոշել էին, որ խնդիր չեն տեսնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կողմնակա՞լ է, թե՞ ոչ. Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը «Հայաստան» դաշինքը պահանջում է բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկա դատավարությանը

«Քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը». Գալյան

Նախորդ օրերին քաղաքական 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում են հայտնել նաև պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ու որպես երրորդ կողմ ճանաչված իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ինչպես նաև իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։

«Երբ որ մենք մի դեպքում 1 ժամ 22 րոպե և մյուս դեպքում 3 ժամ 38 րոպե քվեարկություն է շարունակվել, այ սա է, որ մենք, սա ենք գնահատել էական խախտում», - ասաց ԿԸՀ նախագահը:

Վահագն Հովակիմյանն արդեն հայտարարել է, որ արձանագրված խախտումները չեն ազդել արդյունքի վրա: Նա այսօր էլ անդրադարձավ ԲՀԿ դիմումում տեղ գտած երկու ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու իր որոշմանը: Այս տեղամասերում ընտրությունները չեղյալ ճանաչվելուց հետո ԲՀԿ-ն ձայներ կորցրեց ու չհաղթահարեց անցողիկ շեմը:

ԿԸՀ նախագահը պնդեց՝ նախնական արդյունքների հրապարակման ժամանակ ԲՀԿ-ն չէր հաղթահարել 4 տոկոսի շեմը. - «Այն պահին, երբ որ մենք հրապարակել ենք քվեարկության նախնական արդյունքները, ոչ»:

Ինչո՞ւ վիճարկվող տեղամասերում զինվորների քվեարկության հետ կապված խնդրին արձագանքեց չորս օր անց: «Խնդրով սկսել ենք զբաղվել հունիսի 10-ին, որովհետև արդեն ակնհայտ էր, որ մասնակիցների կողմից անվավերի պահանջ չի ներկայացվել, բայց կա հանրային պահանջ, այսինքն՝ այս երեք տեղամասերում տեղի ունեցած խախտումները մեծ հնչեղություն է ստացել, և մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ խորությամբ ուսումնասիրել, գնահատել», - ասաց Հովակիմյանը:

ԲՀԿ ներկայացուցիչները, մինչդեռ, իրենց դիմումում և նաև դատավարության օրերին պնդում են, որ հանձնաժողովը պետք է վերաքվեարկություն նշանակեր, իսկ քանի որ չի արել դա, ապա պետք է անվավեր ճանաչվի ընտրությունը:

«Քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը», - դատարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Հակադարձելով ընդդիմադիրների բողոքին, թե վարչապետն ատելության խոսք է տարածել, և դա ազդել է ընտրողների վրա, նախարարն ընդգծեց՝ Փաշինյանի ելույթն ուղղված է եղել քաղաքական ընդդիմախոսներին։

«Ասում եք՝ թիրախավորել է անձին, ոչ, ասել է՝ «Ռոբին էլ, Սերժին էլ սա եմ անելու, նա եմ անելու, նա եմ անելու», քաղաքական ընդդիմախոսներին է ուղղված եղել ելույթը», - ասաց Գալյանը:

Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի իր որոշումը։

Օրենքով Բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի՝ կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կա՛մ, անվավեր ճանաչելով այն, երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունըՍԴ-ում շարունակվում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը«Կանոններն ամբողջությամբ խախտված էին». ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներըԿԸՀ նախագահը խնդրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումներըՍԴ-ն լսում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի փաստարկներըԸնդդիմադիր ուժերի աջակիցները հավաքվել էին ՍԴ շենքի մոտ, արդար որոշում էին պահանջում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները