Ընդդիմադիրները եվրոպացի առաջնորդներին փորձեցին ուղերձ հասցնել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան

Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ոստիկաններն արգելեցին քայլերթով շարժվել դեպի Հաղթանակի կամուրջ:

Մարզահամերգային համալիրում եվրոպական գագաթնաժողովի ավարտից հետո հենց այդ հատվածով էին անցնելու եվրոպացի առաջնորդների մեքենաները, իսկ ակցիայի մասնակիցները, ինչպես իրենք էին ձևակերպում, նպատակ ունեին ճեղքելու Հայաստանի շուրջ եղած տեղեկատվական բլոկադան:

«Ժողովրդավար Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք քաղաքական ապօրինի հրահանգավորման հետևանք են, խոչընդոտում են ժողովրդավարական ակցիայի իրականացմանը, - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և նշեց, - Այո, այս պաստառները և մեր ցանկությունը շարվելու է ամբողջ ուղեծրի վրա, որով իրենք պետք է հետ գնան՝ Ծիծռնակաբերդից մինչև Կոնյակի գործարան: Հենց այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու մասին է: Կանգնելու ենք բացառապես մայթերին, կենդանի շղթա կազմենք, որպեսզի անցնող-գնացող մեքենաները տեսնեն Հայաստանի իրականությունը, քաղբանտարկյլաներին»:

Չնայած Հանրապետական կուսակցության փոխնախագահի պնդմանը, թե իրենք խաղաղ ու լուռ ակցիա են իրականացնելու, միևնույն է րոպեների ընթացքում քաղաքապետարանի մոտ ոստիկանների թիվն ավելացավ: Արմեն Աշոտյանը բացատրեց՝ իրենք Ներքին գործերի նախարարության իրազեկումն են հիմք ընդունել և քայլերթ ծրագրել, այնտեղ նշված է միայն՝ մեքենաների երթևեկությունն է փակ լինելու: Իրավապահները տեղում պարզաբանեցին՝ գնահատել են իրավիճակը և անվտանգության նկատառումներից ելնելով որոշել քայլերթն արգելել:

Այդպես էլ չստացված ակցիայով հանրապետականները մտադիր էին եվրոպացի առաջնորդների ուշադրություն հրավիրել նաև քաղբանտարկյալների խնդրի վրա: Նրանց գնահատմամբ՝ Հայաստանում մոտ 5 տասնյակ քաղաքացի հետապնդվում է իշխանությանը քննադատելու համար:

«Ուղերձը շատ պարզ է՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, Նիկոլին սատարելով դուք կործանում եք Հայաստանը, միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանելու եք Անկարա: Ձեր իսկ մասնագետների ու փորձագետների գնահատմամբ՝ չկա գեթ մեկ միջազգային ինդեքս, ռեփորթ, որտեղ Հայաստանը դիտվի որպես իրական ժողովրդավարություն», - հայտարարեց Աշոտյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» վարչապետի մակարդակով մշտապես հերքել են, թե Հայաստանում մարդիկ ճաղերի հետևում են հայտնվում քաղաքական հայացքների համար: Ավելին՝ վստահեցնում են, թե Հայաստանում իրավապահները գործում են անկախ:

Ընդդիմադիրներն այսօրվա ակցիաներով դարձյալ հիշեցրին՝ իշխանության հայտարարություններին հաջորդած գործարար Սամվել Կարապետյանի քրեական գործն ու կալանավորումը, բարձրաստիճան հոգևորականներին, այդ թվում՝ Վեհափառին առաջադրված մեղադրանքները. «Անթաքույց հարձակումներ քաղաքական ընդդիմության վրա, բացահայտ հարձակում և սպառնալիքներ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնց դրոշակակիրը Եվրոպան է: Լիահույս ենք, որ այս հարցերի շուրջ իրենք զրույց կունենան Փաշինյանի հետ»:

Քաղաքական հետապնդումների մասին բարձրաձայնող ուժերից Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» մինչև օրվա ավարտը ոչ հայտարարություն արեց, ոչ էլ որևէ ակցիա նախաձեռնեց: Հունիսին կլրանա գործարարի կալանավորման մեկ տարին, ամիսներ շարունակ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Կարապետյանն այժմ տնային կալանքի տակ է:

Մինչև օտարերկրյա պաշտոնյաների այցը տեսաուղերձով Ֆրանսիայի նախագահին էր դիմել Սամվել Կարապետյանի որդին՝ Էմանյուլ Մակրոնին հրավիրելով տնային կալանքի տակ գտնվող հոր հետ հանդիպման:

«Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է՝ միջազգային հանրությանը խաբելով և ժողովրդավարական արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով մեր եկեղեցու, մեր սփյուռքի և իր քաղաքական հակառակորդների վրա։ Ցանկացած բնռապետություն կնախանձեր այդքան մեծ թվով քաղբանտարկյալների», - ասել է նա

Երևան ժամանած որևէ եվրոպացի պաշտոնյա հրապարակային չի խոսել Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին: