Միլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանում

Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը հաղթել է դատարանում։ Օրեր առաջ առաջին ատյանը որոշել է, որ քաղաքագիտության ամբիոնի դոցենտին, որ ընդդիմադիր հայացքներ ունի ԵՊՀ-ից երկու տարի առաջ հեռացնելու որոշումը ոչ իրավաչափ է եղել։

Դատարանը պարտավորեցրել է նախկին դասախոսին բուհի բյուջեից վճարել ամբողջ պարապուրդի գումարը, այսինքն 2024-ի սեպտեմբերից սկսած։

«Միլիոններ կլինի, հաշվի առնելով, որ ես իմ վերջին աշխատանքային ամսվա ընթացքում, իմ հիշողությամբ 175 հազար դրամ աշխատավարձ էի ստանում», - ասաց Սողոմոնյանը։

Մենուա Սողոմոնյանը պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ, համալսարանում է աշխատել շուրջ 18 տարի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է դասախոսել, պրոռեկտոր է եղել, Փաշինյանի կառավարության քննադատներից ու ընդդիմադիր «Հայաքվե» միավորման վարչության անդամ է։

Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ Սրբազանի շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Հենց 2024-ի ամռանն էլ, երբ շարժումն արդեն մարում էր, Երևանի պետական համալսարանի ռեկտորատից ծանուցել են՝ իր պայմանագիրը չեն երկարաձգելու ու առանց պատճառաբանության. «Դատարանում վիճարկեցի՝ շատ լավ իմանալով, որ այն, ինչ որ արվում է ինձ հետ, արվում է իմ քաղաքական հայացքների և գործունեության պատճառով։ Դա փորձ է ինձ պատժելու»։

Սողոմոնյանն ասում է՝ այս ծանուցումից հետո է հետաքրքրվել, պարզել, որ այդ ընթացքում առանց իր հետ քննարկելու փոխել են ուսումնական պլանը։ Իր դասավանդած առարկաներից մեկը հանել են քաղաքագիտության ամբիոնի կրթական ծրագրից, մյուսն ընդգրկել միջազգային հարաբերությունների ամբիոնի ծրագրում, երրորդն էլ տեղափոխել վեցերորդ կիսամյակ։ Այսինքն՝ փաստացի այս փոփոխություններից հետո մնացել է առանց ժամերի։

Մենուա Սողոմոնյանի մյուս պահանջը, որ վերականգնվի աշխատանքի, դատարանը չի բավարարել, բայց պարտավորեցրել է ևս կես տարվա փոխհատուցում հատկացնել նրան։

Համալսարանի ղեկավարությունը բողոքարկելո՞ւ է այս որոշումը, թե՞ ոչ, ԲՈՒՀ-ի մամուլի խոսնակը «Ազատությանն» ասաց՝ դեռ ուսումնասիրում են դատական ակտը։

Եթե դատական մյուս ատյաններն էլ նախկին դասախոսի օգտին որոշում կայացնեն, փոխհատուցման գումարն ըստ պարապուրդից ձգվող ժամկետի ավելի մեծ կլինի։

Փաշինյանի իշխանության օրոք այսպիսի նախադեպ արդեն կա։ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը շահեց բոլոր ատյաններում ու 2024-ին ԲՈՒՀ-ի բյուջեից 11 միլիոն դրամ փոխհատուցում ստացավ իրեն ազատելու որոշման համար։ Հակոբյանն էլ ընդդիմադիր հայացքներ ուներ ու նրան հեռացրել էին, երբ սկսեց պնդել, թե ԲՈՒՀ-ի ռեկտորին խախտումներով են նշանակել։

Երևանի պետական համալսարանի դեմ առաջիկայում էլի հայցեր կլինեն՝ աշխատանքային պայմանագրերը չերկարաձգելու համար։ Իշխանությանը քննադատող մի խումբ դասախոսներ այս տարվա սեպտեմբերի 1-ից լսարան չեն մտել։ Ռեկտորատը նրանց պայմանագիրը չի երկարաձգել։ Առնվազն երեք դասախոսներ «Ազատության» հետ զրույցում ասել են, որ վիճարկելու են համալսարանի որոշումը։

Երևանի պետական համալսարանից արձագանքում են՝ քաղաքական նկատառումներ չկան, աշխատանքային փոփոխություններ են։