Յաշինը հրաժարվում է Գերմանիայում քաղաքական ապաստանից․ Bloomberg

Իլյա Յաշին, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, ով օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանտարկյալների խոշոր փոխանակման շրջանակներում ազատ արձակվեց ռուսական բանտից, հրաժարվել է Գերմանիայում իրեն առաջարկված քաղաքական ապաստանից։

Յաշինը Bloomberg-ին ասել է, որ քաղաքական փախստականի կարգավիճակն իր համար ընդունելի չէ, քանի որ այդ դեպքում երբեք չի կարողանա Ռուսաստան գնալ։

Նա նաև տեղեկացրել է Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու համար այլ հիմքեր ներկայացնելու իր մտադրության մասին։

Գերմանիայի կառավարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Յաշինը բազմիցս հայտարարել է, որ համաձայն չէ լքել Ռուսաստանը նույնիսկ ազատ արձակման դիմաց՝ նշելով, որ իրեն երկրից արտաքսել են իր կամքին հակառակ։

«Ես հրապարակայնորեն խնդրել եմ չընդգրկել ինձ փոխանակման որևէ ցուցակում։ Որպես հայրենասեր և քաղաքացի, ում տեղը Ռուսաստանում է, թեկուզ բանտում, ես հրաժարվել եմ հեռանալ Ռուսաստանից։ Սա իմ կռիվն էր, դատարաններում ես պաշտպանում էի սեփական երկրում ապրելու և աշխատելու իմ իրավունքը։ Մինչև վերջին օրը պայքարել եմ Ռուսաստանում մնալու իմ իրավունքի համար։ Փոխանակումից մի քանի օր առաջ գաղութի պետն ինձ առաջարկեց ներման խնդրագիր գրել։ Ես հրաժարվեցի, քանի որ հարկ չեմ համարում դիմել Վլադիմիր Պուտինին, ում համարում եմ բռնակալ և մարդասպան», - փոխանակումից հետո իր առաջին ասուլիսում հայտարարել էր Յաշինը։

2022-ին Իլյա Յաշինը դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «կեղծիքների» հոդվածով։ Այս տարվա օգոստոսի 1-ի 15 այլ բանտարկյալների հետ ազատ արձակվեց ռուսական բանտից ԱՄՆ-ում և Գերմանիայում պատիժ կրող Ռուսաստանի քաղաքացիների հետ փոխանակման դիմաց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յաշինը՝ Պուտինին. «Միայն թույլ լիդերն է փորձում փակել բոլորի բերանները»