«Յաբլոկո»-ին հետապնդած դատավորները և դատախազները կարող են ԵՄ պատժամիջոցների ենթարկվել

Ռուսաստան - «Յաբլոկո» կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը Գերագույն դատարանի շենքի մուտքի մոտ, օգոստոս, 2026թ.

Եվրամիության Արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղար Կայսա Օլոնգրենը դիմել է Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Թերեզ Բլանշեին առաջարկով՝ եվրոպական պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան տասը դատավորների և դատախազների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ մասնակցություն են ունեցել Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից «Յաբլոկո»-ի ցուցակի հեռացման և կուսակցության անդամների հետապնդման գործին: Դա է վկայում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության և «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագրի «Սիստեմա» հետաքննական նախագծի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը:

Բրյուսելում «Սիստեմա»-ի աղբյուրի տվյալներով՝ առաջարկը կարող է քննարկվել արդեն եկող շաբաթ:

Ըստ այդմ՝ պատժամիջոցների կարող են ենթարկվել ՌԴ Գերագույն դատարանի դատավորներ Վյաչեսլավ Կիրիլովը, Իգոր Զինչենկոն, Դենիս Տյուտինը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Սախարովը, Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Իլյա Ռուսակովը, Պսկովի քաղաքային դատարանի դատավոր Վիկտորիա Մալյամովան, պետական դատախազ Աննա Գորյաչևան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի դատախազի տեղակալ Յուլիա Գուզնյաևան, Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանի դատավոր Էլինա Բաբայանցը և Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի շրջանային դատարանի դատավոր Ելիզավետա Տրուսկալենկոն:

ԵՄ պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել պատժամիջոցների հնարավորությունը, սակայն Ռուսաստանում բռնաճնշումներին մասնակցած դատավորների և դատախազների նկատմամբ նման սանկցիաները նախկինում մեկ անգամ չէ, որ սահմանվել են, նշում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

«Յաբլոկո»-ն Պետդումայի՝ այս ամիս անցկացվելիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններից միակն է, որը դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին:

Ռուսաստանի ԿԸՀ-ն չեղարկել է «Յաբլոկո»-ի դաշնային ցուցակի գրանցումը Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար: Կուսակցությունը բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը, սակայն Գերագույն դատարանը մերժել է «Յաբլոկո»-ի հայցը:

Վերջին օրերին էլ ռուսաստանյան դատարաններն արդեն «Յաբլոկո»-ի առնվազն 9 անդամի թեկնածություն են չեղարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Յաբլոկոյի» 9-րդ թեկնածուին են զրկում Պետդումայի ընտրությանը մասնակցելու հնարավորությունից ՌԴ Գերագույն դատարանը մերժեց «Յաբլոկո»-ի հայցը, կուսակցության աջակիցներից բերման են ենթարկվել Ռուսաստանցի ընդդիմադիր Շլոսբերգը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման Տասնյակ ձերբակալվածներ Ռուսաստանի Գերագույն դատարանի շենքի մոտ «Յաբլոկո»-ն արտասահմանյան ֆինանսավորման հետքեր է գտել մյուս կուսակցությունների մոտ«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրապայքարից իրեն դուրս թողնելու որոշումը «Յաբլոկո»-ն հայտարարում է, որ շարունակելու է պայքարըՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընտրություններում «Յաբլոկո»-ի ցուցակի գրանցումը. կուսակցությունը կբողոքարկի«Ռոդինա»-ն պահանջում է չեղարկել ընդդիմադիր «Յաբլոկո»-ի նախընտրական ցուցակի գրանցումըՌուսաստանում «ռազմական ֆեյքերի» գործով ձերբակալվել է «Յաբլոկո»-ի փոխնախագահը